|
Հոկտեմբերի 10-11-ը Գորիսում անցկացվեց «Թվայնացող իրականության ազդեցությունը հոգեկանի վրա․ հոգեբանական դիմակայունության նոր մարտահրավերները Գորիսում» խորագրով սեմինարը, որին մասնակցեցին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Սերգեյ Ավանեսյանը, դպրոցի հոգեբան Էմմա Սարգսյանը և ուսուցչուհի Օլյա Ղուլյանը։ Սեմինարի ընթացքում կլինիկական հոգեբան Նարինե Ավագյանն անդրադարձավ ժամանակակից մարդու հոգեբանական փորձառության փոփոխություններին, հոգեբանական գերբեռնվածությանն ու քրոնիկ սթրեսին, հուզական և տագնապային դժվարություններին, ինչպես նաև հարաբերությունների, ինքնընկալման և ինքնակարգավորման հետ կապված խնդիրներին։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց թվային և տեղեկատվական միջավայրի ազդեցությանը հոգեկան առողջության վրա։ Քննարկվեցին սոցիալական ցանցերի ազդեցությունը ինքնագնահատականի և ինքնընկալման վրա, տեղեկատվական գերբեռնվածությունը, հեռախոսից կախվածության ռիսկերը, կիբերբուլինգը, քնի ռեժիմի փոփոխությունները և թվային միջավայրի ազդեցությունը երեխաների ու դեռահասների հոգեբանական զարգացման վրա։ Սեմինարի կարևոր թեմաներից էր հոգեբանական դիմակայունության ձևավորումը։ Ներկայացվեց անհատի, ընտանիքի, դպրոցի, աշխատանքային միջավայրի և համայնքի փոխկապակցված դերը հոգեբանական բարեկեցության ապահովման գործում։ Ընդգծվեց ընտանիքի՝ որպես հոգեբանական ռեսուրսի, և դպրոցի՝ որպես երեխայի զարգացման ու հոգեբանական աջակցության միջավայրի նշանակությունը։ Անդրադարձ կատարվեց նաև Գորիսի համայնքային առանձնահատկություններին, սոցիալական կապերի և փոխօգնության կարևորությանը, ինչպես նաև հոգեբանական օգնության դիմելու մշակութային ու հոգեբանական խոչընդոտներին։ Մասնագիտական քննարկման առանցքում հետևյալ հարցն էր․ ինչպե՞ս կարող է մասնագիտական հոգեբանական աջակցությունը լրացնել Գորիսի համայնքում արդեն ձևավորված սոցիալական, մշակութային և քաղաքացիական ներուժը՝ առանց այն փոխարինելու։ Մասնակիցները քննարկեցին հոգեբանական կարիքների բացահայտման, մասնագիտական ծառայությունների նկատմամբ վստահության ձևավորման և համայնքում գործող կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորությունները։ Սեմինարին դպրոցի ներկայացուցիչների մասնակցությունը կարևոր հնարավորություն էր՝ խորացնելու գիտելիքները ժամանակակից հոգեբանական մարտահրավերների վերաբերյալ և արժևորելու կրթական միջավայրում հոգեբանական աջակցության, երեխաների ու դեռահասների բարեկեցության և հոգեբանական դիմակայունության զարգացման նշանակությունը։
| |
|
| |
| Դիտումներ: 51 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |



