|
Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Բ» դասարանում «Բնություն» առարկայի շրջանակում ուսուցչուհի Շահանե Ակլունցի կողմից իրականացվեց գործնական աշխատանք՝ «Խառնուրդների բաժանման եղանակները» թեմայով։ Աշխատանքի նպատակն էր տեսական գիտելիքները կիրառել գործնականում, ուսումնասիրել խառնուրդների բաժանման տարբեր եղանակները և զարգացնել փորձեր կատարելու ու ստացված արդյունքները վերլուծելու հմտությունները։ Սովորողները բաժանվեցին երեք խմբի և փորձերի միջոցով ուսումնասիրեցին խառնուրդների բաժանման երեք եղանակ՝ մագնիսով բաժանում, զտում և գոլորշիացում։ Մագնիսով բաժանում․ մագնիսի օգնությամբ խառնուրդից առանձնացրին մագնիսին ձգվող նյութը։ Զտում․ զտիչ թղթի միջոցով հեղուկից առանձնացրին չլուծվող պինդ նյութը՝ բացահայտելով զտման կիրառական նշանակությունը։ Գոլորշիացում․ ուսումնասիրեցին հեղուկի գոլորշիացման միջոցով լուծույթում առկա լուծված պինդ նյութի առանձնացման եղանակը։ Փորձերի ընթացքում սովորողները հնարավորություն ունեցան սեփական դիտարկումների միջոցով բացահայտելու նյութերի հատկությունները, համեմատելու բաժանման եղանակները և հասկանալու, թե ինչպես են դրանք կիրառվում առօրյա կյանքում։ Գործնական աշխատանքը նպաստեց սովորողների տեսական գիտելիքների ամրապնդմանը, դիտարկելու, հետազոտելու, համագործակցելու և եզրակացություններ անելու կարողությունների զարգացմանը։ Սովորել՝ փորձելով, բացահայտել՝ ուսումնասիրելով։ Հենց այսպիսի աշխատանքներն են գիտելիքը դարձնում տեսանելի, հասկանալի և կիրառելի։
| |
|
| |
| Դիտումներ: 61 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |






