Տվյալահեն ուսուցում և սովորողների առաջընթացի վերլուծություն․ մասնագիտական դասընթաց Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում անցկացվեց «Տվյալահեն ուսուցում և սովորողների առաջընթացի վերլուծություն» թեմայով մասնագիտական դասընթացը՝ միտված մանկավարժների վերլուծական կարողությունների զարգացմանը և կրթական գործընթացում տվյալների արդյունավետ կիրառման հմտությունների կատարելագործմանը։

Դասընթացը վարեց դպրոցի ԲՏՃՄ մեթոդական միավորման նախագահ, աշխարհագրության ուսուցչուհի Հերմինե Ալավերդյանը։

Մասնագիտական հանդիպման ընթացքում կարևորվեց ուսումնական տվյալների հավաքագրման, համակարգման և վերլուծության դերը սովորողների կրթական առաջընթացը գնահատելու, ուսումնառության դժվարությունները բացահայտելու և ուսուցման գործընթացը նրանց անհատական կարիքներին համապատասխանեցնելու գործում։

Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց տվյալների հիման վրա մանկավարժական որոշումների կայացմանը, սովորողների առաջադիմության դինամիկայի ուսումնասիրմանը և ուսուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերի մշակմանը։

Դասընթացը նախատեսված է դպրոցի 2026-2031 թվականների զարգացման ծրագրով, ինչպես նաև 2026-2027 ուսումնական տարվա ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանով՝ որպես մանկավարժների մասնագիտական զարգացմանն ուղղված միջոցառում։

Մասնագիտական դասընթացն իրականացվեց «Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ։

Նման մասնագիտական նախաձեռնությունները նպաստում են կրթական գործընթացում ապացուցահեն և տվյալահեն մոտեցումների ներդրմանը, մանկավարժական աշխատանքի արդյունավետության բարձրացմանը և յուրաքանչյուր սովորողի կրթական առաջընթացի հետևողական ապահովմանը։

      

    

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Երեկ)
Դիտումներ: 63 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar