|
Նոյեմբերի 25-ին Վանաձոր քաղաքում անցկացվեց դպրոցականների «Ֆիզկուլտուրա» առարկայի «Ստուգատես-մրցույթի» հանրապետական փուլը, որին մասնակցում էին Հայաստանի 9 մարզերի 5-րդ, 6-րդ և 7-րդ դասարանների թիմերը։ Սյունիքի մարզը մրցույթում ներկայացնում էին Կապանի թիվ 13, Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական և Կապանի թիվ 5 դպրոցների թիմերը։ Մարզը ներկայացնող երեք թիմերը ցուցադրեցին բարձր ֆիզիկական պատրաստվածություն, կազմակերպվածություն և թիմային համախմբվածություն՝ միասին հավաքելով 3326 միավոր և արժանանալով առաջին պատվավոր տեղին։ Հաղթանակի կապակցությամբ թիմերը պարգևատրվեցին համապատասխան կարգի դիպլոմներով և մեդալներով, դպրոցին հանձնվեց դիպլոմ, իսկ Սյունիքի մարզպետարանին՝ գավաթ՝ թիմային բարձր արդյունքի համար։ Մրցույթի նպատակն էր խթանել սովորողների ֆիզիկական ակտիվությունը, զարգացնել նրանց ֆիզիկական պատրաստվածությունը՝ արագաշարժությունը, ուժը, ճկունությունն ու տոկունությունը, ձևավորել առողջ ապրելակերպի մշակույթ, ինչպես նաև ամրապնդել թիմային համագործակցության, պատասխանատվության և փոխօգնության հմտությունները։ Սյունիքի մարզի հաղթական թիմի կազմում ընդգրկված էին նաև Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 6-րդ «Ա» դասարանի սովորողներ Մելիք Մելքումյանը, Ավետ Բաղդագյուլյանը, Լիլի Հովսեփյանը և Լիլիթ Մկրտչյանը։ Մեր սովորողներն իրենց ակտիվ մասնակցությամբ, մարզական պատրաստվածությամբ և թիմային ոգով նշանակալի ներդրում ունեցան մարզի ընդհանուր հաղթանակում։ Այս հաջողությունը նպատակասլաց աշխատանքի, հետևողական մարզումների, կարգապահության և միասնական ջանքերի արդյունք է։ Այն ևս մեկ անգամ փաստում է, որ սպորտը ոչ միայն ֆիզիկական կարողությունների զարգացման միջոց է, այլև կամքի ուժի, փոխվստահության և համախմբվածության դպրոց։ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը շնորհավորում է իր սովորողներին, նրանց մարզական պատրաստվածությանն ու հաջողությանը նպաստած ուսուցիչներին և Սյունիքի մարզը ներկայացրած բոլոր թիմերին՝ մաղթելով նորանոր հաղթանակներ ու մարզական նվաճումներ։
| |
|
| |
| Դիտումներ: 59 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |


