Հերթական հաղթանակը՝ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում․ դպրոցի թիմը շահել է ժամանակակից սմարթ-էկրան

Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի սովորողների և մանկավարժների թիմը հաղթող է ճանաչվել «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի նախաձեռնած «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2026» (ՍԷԱԴ2026) համապետական նախագծային մրցույթում։ Հաղթանակի արդյունքում դպրոցը կստանա ժամանակակից խելացի էկրան, որը նոր հնարավորություններ կստեղծի ուսումնական գործընթացի կազմակերպման և թվային կրթական միջավայրի զարգացման համար։

Այս հաջողությունը ամիսների հետևողական աշխատանքի, դաշտային ուսումնասիրությունների, հետազոտական որոնումների և սովորողների անսպառ հետաքրքրասիրության արդյունք է։ «Քարտեզագրելով Հայաստանի բնության ապագան․ Գորիսի քարանձավների և ժայռային էկոհամակարգերի աշխարհը» նախագծի շրջանակում սովորողները միավորել են պատմության, աշխարհագրության, կենսաբանության և թվային տեխնոլոգիաների գիտելիքները՝ նպատակ ունենալով բացահայտել, ուսումնասիրել և ժամանակակից ձևաչափերով ներկայացնել հայրենի քաղաքի քարանձավային հարուստ ժառանգությունն ու բնական առանձնահատկությունները։

Նախագծի կարևոր բաղադրիչներից էին արշավներն ու դաշտային ուսումնասիրությունները, որոնց ընթացքում սովորողները ոչ միայն ճանաչեցին Գորիսի բնաշխարհը, այլև հավաքեցին քարտեզագրական տվյալներ, իրականացրին բնապահպանական դիտարկումներ, լուսանկարեցին տարածքի բուսականությունն ու ժայռային կազմավորումները։ Աշխատանքներն իրականացվեցին նաև համայնքային կառույցների և կազմակերպությունների հետ համագործակցությամբ՝ ներգրավելով Գորիսի պետական համալսարանը, երկրագիտական թանգարանը, համայնքապետարանը, «Syuniq DMO» զբոսաշրջային կենտրոնը և Նկարիչների միության Գորիսի մասնաճյուղը։

Հետազոտական աշխատանքների արդյունքում սովորողները ստեղծեցին մի շարք գործնական և տեղեկատվական արդյունքներ։ Մասնավորապես, գործարկվեց «Բացահայտենք ու քարտեզագրենք Գորիսի քարանձավների ու ժայռային էկոհամակարգերի աշխարհը» տեղեկատվական բլոգը, որտեղ ամփոփվեցին հավաքագրված տվյալներն ու բնապահպանական դիտարկումները։ Պատրաստվեցին նաև արշավականների և զբոսաշրջային ընկերությունների համար նախատեսված տեղեկատվական բուկլետներ՝ ներկայացնելով կայուն զբոսաշրջությանն ու բնության պահպանությանը միտված էկոերթուղիներ։ Տեղանքում արված լուսանկարների հիման վրա ստեղծվեցին նաև նկարազարդ հուշանվերներ։

Նախագծի առանձնահատուկ և հետաքրքիր արդյունքներից են սովորողների պատրաստած ճանաչողական տեսանյութերը։ Դրանցում ներկայացված են դաշտային բացահայտումները, հարցազրույցներն ու պատմությունները՝ Գորիսի քարանձավների, Սըդղի լճի, քարանձավային աշխարհի, Գորիսի երկրագիտական թանգարանի, Խնձորեսկի և Գորիսի հայտնի ժայռերի ու բնության մասին։ Ամբողջ աշխատանքն ամփոփվել է նաև «Աշխարհացույց» հարթակի հատուկ ցուցադրության մեջ։

Մրցույթում դպրոցը ներկայացրել են «Աշխարհագրություն» առարկայի ուսուցչուհի Հերմինե Ալավերդյանը, «Պատմություն» առարկայի ուսուցչուհի Ռուզաննա Խաչատրյանը, «Կենսաբանություն» առարկայի ուսուցչուհի Շահանե Ակլունցը և «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը։

Նախագծում ներգրավված սովորողներն են՝ Վիկա Աբրահամյանը, Ալետա Տատինցյանը, Գոռ Միրզոյանը, Մայքլ Վլադ Ավանեսյանը, Ավետ Գրիգորյանը, Մարի Բակունցը, Միլենա Մելքումյանը, Մայիս Դաջունցը և Սամվել Ղազարյանը։

      

      

  

Այս հաղթանակը հերթական անգամ փաստում է, որ կրթությունը դասասենյակի սահմաններից դուրս շարունակելու, իրական միջավայրում հետազոտելու և տարբեր առարկաների գիտելիքները համադրելու հնարավորությունները սովորողների համար բացում են նոր հորիզոններ։ Նախագիծը նրանց հնարավորություն է տվել ոչ միայն ձեռք բերելու գործնական հմտություններ, այլև ավելի խորությամբ ճանաչելու հայրենի բնաշխարհը, արժևորելու պատմամշակութային ժառանգությունը և գիտակցելու դրա պահպանման կարևորությունը։

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը շնորհավորում է նախագծային թիմին՝ այս նշանակալի ձեռքբերման առթիվ։ Շնորհակալություն ենք հայտնում մեր նվիրված մանկավարժներին, ակտիվ ու ստեղծագործ սովորողներին, նախագծին աջակցած մասնագետներին և գործընկեր կառույցներին, ինչպես նաև «Վիզուալ Հայաստան» հիմնադրամին՝ կրթական այս կարևոր նախաձեռնության և դպրոցին ընձեռած հնարավորության համար։

Նոր սմարթ-էկրանը կդառնա ոչ միայն մրցութային հաղթանակի խորհրդանիշ, այլև ժամանակակից, համագործակցային ու հետազոտահեն ուսուցման նոր հնարավորությունների սկիզբ։

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում «Վիզուալ Հայաստան» հիմնադրամին՝ կրթական կարևոր նախաձեռնության, սովորողների հետազոտական և ստեղծագործական կարողությունների զարգացմանը նպաստելու, ինչպես նաև դպրոցին ժամանակակից սմարթ-էկրանով աջակցելու համար։ Բարձր ենք գնահատում կրթության նորարարական մոտեցումների խրախուսմանն ուղղված հիմնադրամի գործունեությունը և մաղթում շարունակական հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ։

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Երեկ)
Դիտումներ: 48 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar