|
Նոյեմբերի 27-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 6-րդ «Գ» դասարանում անցկացվեց «Սասնա ծռեր. բառի ուղիղ և փոխաբերական իմաստ» թեմայով բաց դասը, որը կազմակերպել և վարել էր «Մայրենի» առարկայի ուսուցչուհի Նարինե Միրզոյանը։ Դասը միավորել էր երկու կարևոր ուղղություն՝ հայ ժողովրդի ազգային-մշակութային ժառանգության ճանաչումն ու մայրենի լեզվի առանձնահատկությունների ուսումնասիրությունը։ Որպես ուսումնական նյութ՝ ընտրվել էր հայ ժողովրդական հերոսական էպոսը՝ «Սասնա ծռերը», որի միջոցով սովորողները հնարավորություն ունեցան ոչ միայն վերհիշելու էպոսի բովանդակությունը, հերոսներին և նրանց բնորոշ հատկանիշները, այլև լեզվական դիտարկումներ կատարելու՝ բացահայտելով բառերի ուղիղ և փոխաբերական իմաստների կիրառությունը։ Դասի ընթացքում սովորողները ներգրավվեցին տարաբնույթ ուսումնական առաջադրանքներում, վերլուծեցին բառերի և արտահայտությունների իմաստային առանձնահատկությունները, փորձեցին տարբերակել դրանց կիրառության համատեքստերը, գտնել փոխաբերական իմաստով գործածված բառեր և արտահայտություններ, ինչպես նաև սեփական օրինակներով ներկայացնել լեզվական երևույթները։ Ուսումնական գործընթացը նպաստեց սովորողների լեզվական և հաղորդակցական կարողունակությունների զարգացմանը, ընթերցած նյութի ընկալմանն ու վերլուծությանը, ինքնուրույն մտածողության, բանավոր խոսքի և սեփական մտքերը հիմնավորելու հմտությունների ամրապնդմանը։ Հատկանշական էր նաև դասի դաստիարակչական ուղղվածությունը․ «Սասնա ծռերի» հերոսական կերպարների, նրանց քաջության, հայրենասիրության, արդարության և ազատասիրության գաղափարների անդրադարձը հնարավորություն տվեց սովորողներին արժևորելու ազգային ինքնությունը, պատմական հիշողությունն ու հայրենիքի հանդեպ պատասխանատվությունը։ Բաց դասն առանձնացավ առարկայական գիտելիքների և արժեքային դաստիարակության համադրմամբ՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ մայրենի լեզվի ուսուցումը ոչ միայն լեզվական գիտելիքների փոխանցում է, այլև ազգային մտածողության, մշակութային ինքնության և արժեհամակարգի ձևավորման կարևոր ճանապարհ։
| |
|
| |
| Դիտումներ: 10 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |








