Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում ամփոփվեց Ուսումնական առաջընթացի աջակցման ծրագիրը

Ապրիլի 18-ին ամփոփվեց Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում իրականացվող «Ուսումնական առաջընթացի աջակցման ծրագիրը»։ Այն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Դասավանդիր հանուն Հայաստանի» կազմակերպության համագործակցությամբ՝ Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Ուսումնառության կայուն արդյունքների ապահովում՝ համակարգված կրթության և հոգեսոցիալական աջակցության միջոցով» ծրագրի շրջանակներում։

Ամփոփիչ հանդիպմանը ներկա էին դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը, ինչպես նաև դասվարներ Իրինա Ջավահիրյանը, Անահիտ Աղաբեկյանը, Տաթևիկ Փարսադանյանը, Արուս Դոլունցը, Կարինե Պողոսյանը, Ռիտա Շալունցը, Նունե Գալստյանը և Կարինե Մալխասյանը։ Մասնակցում էին նաև գործընկեր կազմակերպության ներկայացուցիչներ՝ ծրագրի ղեկավար Աշոտ Գաբրիելյանը, խորհրդատու Մանուկ Խաչատրյանը և համակարգողներ Մարիամ Մարիկյանը, Անի Խաչատրյանն ու Հակոբ Վարոսյանը։

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները, արձանագրված արդյունքներն ու սովորողների առաջընթացը։ Քննարկվեցին նաև ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկած խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։ Մասնակիցները կիսվեցին իրենց փորձով, մասնագիտական դիտարկումներով և արձանագրեցին համագործակցության կարևորությունը կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպման գործում։

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» ներկայացուցիչ Մարիամ Մարիկյանը բարձր գնահատեց ծրագրի իրականացումը դպրոցում՝ ընդգծելով, որ այն ընթացել է արդյունավետ, իսկ իրականացված աշխատանքներն արդեն իսկ ապահովում են տեսանելի արդյունքներ։

Իր խոսքում դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը շնորհակալություն հայտնեց գործընկեր կազմակերպությանը՝ շարունակական աջակցության և արդյունավետ համագործակցության համար՝ կարևորելով ծրագրի նշանակությունը սովորողների կրթական առաջընթացի, հոգեսոցիալական կայունության և բարենպաստ դպրոցական միջավայրի ձևավորման տեսանկյունից։ Առանձնահատուկ շեշտվեց դասվարների կատարած նվիրված և հետևողական աշխատանքը, ինչպես նաև ծրագրի շրջանակում գրանցված ձեռքբերումները, որոնք արդեն իսկ արդյունավետ կերպով ինտեգրվում են դասապրոցեսում՝ նպաստելով սովորողների ուսումնական առաջընթացին և դասավանդման որակի բարձրացմանը։

Իր հերթին Աշոտ Գաբրիելյանն ու Մարիամ Մարիկյանը շնորհակալություն հայտնեցին դպրոցի ղեկավարությանը և մանկավարժական կազմին՝ ակտիվ ներգրավվածության, նախաձեռնողականության և համագործակցային միջավայր ձևավորելու համար, ինչը նպաստել է ծրագրի հաջող իրականացմանը։

Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել սովորողների համակողմանի զարգացմանը՝ համադրելով ուսումնական առաջընթացը, հոգեբանական աջակցությունը և անվտանգ ու բարեկեցիկ դպրոցական միջավայրի ձևավորումը։

    

    

    

Կատեգորիա: ԴՊՐՈՑԻ ԱՌՕՐՅԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (20.04.2026)
Դիտումներ: 179 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar