Համակցված բաց դաս Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 դպրոցում․ «Ալգորիթմը» ներկայացվեց առողջ սննդի պատրաստման միջոցով

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 դպրոցի 4-րդ «Բ» դասարանում անցկացվել է հետաքրքիր և ուսուցողական համակցված բաց դաս՝ «ԹԳՀԳ» և «Տեխնոլոգիա» առարկաներից։ Դասը կազմակերպել էին դասվար Անուշ Աղաբեկյանը և «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը՝ նպատակ ունենալով համատեղել տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները։

Բաց դասի թեման նվիրված էր «Ալգորիթմ» հասկացությանը, որը սովորողները ներկայացրել են առավել պարզ և կիրառական տարբերակով՝ առողջ սննդի պատրաստման օրինակների միջոցով։ Սովորողները քայլ առ քայլ ներկայացրել են գործողությունների հաջորդականությունը՝ պատրաստելով տարբեր ուտեստներ՝ աղցաններ, սենդվիչներ և բուրգերներ։

Դասի ընթացքում երեխաները բացատրել են, որ յուրաքանչյուր գործողություն պետք է իրականացվի հստակ հերթականությամբ՝ ցանկալի արդյունքի հասնելու համար։ Այս կերպ նրանք գործնական օրինակներով ցույց են տվել, թե ինչպես է «ալգորիթմ» հասկացությունը կիրառվում առօրյա կյանքում։

Սովորողները հանդես են եկել ակտիվ և նախաձեռնող մասնակցությամբ, ցուցադրել համագործակցային աշխատանքի, փոխօգնության և ստեղծագործ մտածողության հմտություններ։ Դասը անցել է աշխույժ ու հետաքրքիր մթնոլորտում՝ համադրելով ուսուցումն ու գործնական աշխատանքը։

Բաց դասի հիմնական նպատակն էր սովորողների մոտ ձևավորել որոշակի արդյունքի հասնելու համար քայլերի ճիշտ հաջորդականություն մշակելու կարողություն, ինչպես նաև զարգացնել պարզագույն կերակրատեսակներ պատրաստելու գործնական հմտություններ, որոնք պահանջում են ոչ բարդ ջերմային մշակում։

Դասի ավարտին աշակերտները ներկայացրել են իրենց պատրաստած աշխատանքները՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ գիտելիքը առավել արդյունավետ է դառնում, երբ այն համադրվում է գործնական կիրառության հետ։

      

    

    

    

    

    

    

    

    

    

Կատեգորիա: ԴՊՐՈՑԻ ԱՌՕՐՅԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Այսօր)
Դիտումներ: 16 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar