|
Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 դպրոցի 4-րդ «Գ» դասարանում անցկացվել է բաց դաս «ԹԳՀԳ» առարկայից, որը կազմակերպել էր ուսուցչուհի Օլյա Ղուլյանը։ Դասը միավորել էր տեխնոլոգիական գիտելիքներն ու ստեղծագործական մտածողությունը՝ ապահովելով ակտիվ և հետաքրքիր ուսումնական միջավայր։ Բաց դասի ընթացքում սովորողներն ուսումնասիրել են անհատական համակարգչի կառուցվածքը, անդրադարձել հնարավոր տեխնիկական խնդիրներին, ներկայացրել տարբեր իրավիճակներ, փորձել կանխատեսել դրանց հետևանքներն ու առաջարկել ալգորիթմական լուծումներ։ Դասի գործնական հատվածում ուսուցչուհին սովորողներին տրամադրել էր նախապես բաժանված թղթեր, որոնց վրա պատկերված ուղղանկյունների միջոցով նրանք պետք է ստանային անհատական համակարգչի կառուցվածքային մասերը։ Այս կերպ ձևավորվել էր միջառարկայական կապ «Կերպարվեստ» առարկայի հետ։ Սովորողները ստեղծագործ մոտեցմամբ ձևավորել են համակարգչի ամբողջական պատկերը, այնուհետև ներկայացրել աշխատանքի կատարման քայլերի հաջորդականությունը՝ բացատրելով, թե ինչպես է կազմվում ալգորիթմը և ինչ դեր ունի այն խնդիրների լուծման գործընթացում։ Դասի ընթացքում սովորողները ցուցադրել են տրամաբանական մտածողություն, վերլուծելու և պատճառահետևանքային կապեր գտնելու կարողություններ, ինչպես նաև համագործակցային աշխատանքի հմտություններ։ Բաց դասի հիմնական նպատակն էր սովորողների մոտ ձևավորել համակարգչային սարքերի և ծրագրերի անսարքությունների հետ կապված խնդիրների հայտնաբերման և լուծման կարողություններ, զարգացնել տրամաբանական փաստարկներ ներկայացնելու, դրանց ելքը կանխատեսելու և ալգորիթմական լուծումներ գտնելու հմտությունները։
| |
|
| |
| Դիտումներ: 16 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |







