Պարգևատրվել են «Երգենք ու պարենք մայրենիով» մրցույթի հաղթողները

Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել «Երգենք ու պարենք մայրենիով» խորագրով հեղինակային տեսանյութերի մրցույթի հաղթող և խրախուսման ներկայացված մասնակից դպրոցների պարգևատրման արարողությունը:

Մրցույթը կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Լեզվի կոմիտեի համատեղ ջանքերով՝ Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ: Մրցույթին մասնակցել է շուրջ 500 դպրոց, հաղթող է ճանաչվել 10 դպրոց, խրախուսվել են նաև ազգային փոքրամասնությունների մշակույթը ներկայացնող 2 հաստատություններ:

Պարգևները հանձնել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը: Դպրոցները պարգևատրվել են ԿԳՄՍՆ շնորհակալագրերով, Ավետիք Իսահակյանի 150-ամյակի շրջանակում տպագրված պատկերագրքով ու գեղարվեստական գրքերով:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ շնորհակալություն հայտնելով նմանօրինակ մրցույթներին ակտիվ մասնակցելու և հետաքրքրություն ցուցաբերելու համար:

«ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած այսպիսի մրցույթների նպատակն է առանձնահատուկ տեսանելի դարձնել նախ Մայրենիի օրը, ինչպես նաև խթանել ու խրախուսել, որ մեր սովորողներն ավելի շատ ճանաչեն ազգային մշակույթը, սովորեն կարևոր իրադարձությունների մասին՝ որպես յուրօրինակ կրթական գործընթաց»,- ասել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով դպրոցներին՝ ակտիվ մասնակցության և ներկայացված հետաքրքիր տեսանյութերի համար։

Նրա խոսքով՝ դպրոցների ներկայացրած տեսանյութերն ընդգծել են Մայրենի լեզվի օրվա խորհուրդը, մայրենի լեզուների բազմազանությունը և տարբերությունները, որոնք հարստացնում են մեր երկրի մշակութային կյանքը։

Օրվա շրջանակում Ազգային պատկերասրահում աշակերտների համար կազմակերպվել է շրջայց բոլոր ցուցասրահներում: Նախարար Ժաննա Անդրեասյանը ևս ծանոթացել է ցուցադրություններին:

Հայաստանի ազգային պատկերասրահում նախարարը և դպրոցականները ծանոթացել են նաև Գրիգոր Աղասյանի ծննդյան 100-ամյակին նվիրված «Հնչող պատկերներ» լայնածավալ հետահայաց ցուցահանդեսին, (VR) գործիքների միջոցով հայտնվել Գրիգոր Աղասյանի արվեստանոցում՝ կատարելով վիրտուալ շրջայց։

Հավելենք, որ երրորդ տարին անընդմեջ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը հաղթող է ճանաչվել Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված մրցույթում, որն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Լեզվի կոմիտեի նախաձեռնությամբ։

Մրցույթի շրջանակում դպրոցի ներկայացրած տեսանյութում համադրված են ազգային երգն ու պարը՝ հայկական ավանդական մշակույթը ներկայացնող նվագարանների ուղեկցությամբ։ Աշխատանքի հիմնական նպատակն է արժևորել մայրենի լեզուն՝ այն ներկայացնելով ազգային մշակութային ժառանգության համատեքստում և ընդգծելով լեզվի ու ինքնության անքակտելի կապը։

Հատկանշական է, որ սովորողների ազգային հագուստները ստեղծվել են դպրոցում իրականացված նախագծային աշխատանքի արդյունքում՝ դառնալով կրթական նախաձեռնության կարևոր և տեսանելի արդյունք։ Այսպիսով, աշակերտները հանդես են եկել ոչ միայն որպես կատարողներ, այլև որպես մշակութային արժեքների վերարտադրության ակտիվ մասնակիցներ։

Նախագծում ընդգրկված են՝

  • 4-րդ «Ա» դասարանի սովորող Լիա Ալեքսանյանը,
  • 5-րդ «Բ» դասարանի սովորող Արտյոմ Առուշանյանը,
  • 6-րդ «Ա» դասարանի սովորող Մայքլ Վլադ Ավանեսյանը,
  • 6-րդ «Գ» դասարանի սովորող Կարինա Վանեսյանը,
  • 7-րդ «Ա» դասարանի սովորող Դավիթ Մեծոյանը,
  • 8-րդ «Բ» դասարանի սովորող Կատրին Արզումանյանը,
  • 8-րդ «Գ» դասարանի սովորողներ Միլենա Մելքումյանն ու Անի Մալունցը։

Աշխատանքները համակարգել են «Երաժշտություն» առարկայի ուսուցչուհի Թամարա Հովհաննիսյանն ու «Հայոց լեզու» առարկայի ուսուցչուհի Լիլիթ Սարգսյանը։ Նկարահանման աշխատանքներին մասնագիտական աջակցություն է ցուցաբերել 6-րդ «Ա» դասարանի ծնող Մհեր Մաշուրյանը՝ իր ներդրմամբ նպաստելով նախաձեռնության հաջող իրականացմանը։

Սյունիքի մարզում կրթամշակութային նախաձեռնությունները շարունակում են արձանագրել հաջողություններ։ «Երգենք ու պարենք մայրենիով» խորագրով հեղինակային տեսանյութերի հանրապետական մրցույթում այս տարի հաղթողների շարքում ընդգրկվել է նաև Մեղրու թիվ 2 միջնակարգ դպրոցը։

Դպրոցը մրցույթին ներկայացել է յուրահատուկ և գեղարվեստական բարձր մակարդակով պատրաստված տեսանյութով, որը արժանացել է հանձնաժողովի բարձր գնահատականին։ Աշակերտների և ուսուցիչների համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծված նյութը ոչ միայն արտահայտել է մայրենի լեզվի հանդեպ սերը, այլև ներկայացրել ազգային մշակույթի արժեքները՝ ստեղծագործ և ներշնչող ձևաչափով։

Շնորհավորում ենք Մեղրու թիվ 2 միջնակարգ դպրոցի ուսուցչական և աշակերտական կազմին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ կրթության և մշակույթի ոլորտում։

    

    

    

    

    

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (27.03.2026)
Դիտումներ: 144 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar