ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈւԹՅՈւՆ
Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը իր գործունեության տարիների ընթացքում իրականացրել է հետևյալ ծրագրերը, որոնց մասնակից են եղել ոչ միայն դպրոցի աշխատակիցներն ու աշակետները, այլ նաև համայնքի երիտասարդները, համայնքում գործող կազմակերպությունները: Ստորև ներկայացնում ենք դպրոցի և տարբեր կառույցների հետ համագործակցությամբ իրականացված որոշ ծրագրեր.
- «Սպորտային սերունդ» ծրագիր
Կայուն զարգացման հայկական հիմնադրամը «Երեխաների համար ՈՒԵՖԱ հիմնադրամ»-ի (UEFA Foundation for Children) հետ համատեղ 2021 թվականի մարտ ամսին իրականացրել է «Սպորտային սերունդ» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում իրականացվող մրցույթին հայտ են ներկայացրել ՀՀ բոլոր մարզերից 244 դպրոց, այդ թվում՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը:
Մրցույթի շրջանակում դպրոցի տարբեր դասարանների աշակերտների մասնակցությամբ պատրաստվել է կարճ տեսահոլովակ, որը պատմում է դպրոցի, դպրոցական կյանքի, աշակերտների սպորտային նվաճումների, համայնքում և շրջակա միջավայրի պահպանման գործում աշակերտների ներգրավվածության և դպրոցում սպորտի կարևորության մասին:
Ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Աննա Աբգարյանի և մեր փայլուն աշակերտների ջանքերի շնորհիվ դպրոցն ընտրվել է որպես հաղթող, և «Սպորտային սերունդ» ծրագրի շրջանակներում ստացել 1 մլն դրամ արժողությամբ նոր սպորտային մարզագույք:
- Ջերմատուն
ՄԱԿ-ի համաշխարհային պարենի ծրագրի շրջանակներում («Կայուն դպրոցական սնունդ» ծրագիր) Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կառուցվել է մոտ 520 քառակուսի մետր մակերեսով ջերմատուն: Ջերմատան աշխատանքներում ներգրավված են դպրոցի 5-9-րդ դասարանների աշակերտները, ինչպես նաև նրանց ծնողները:
- Համակարգչային երկամսյա ներածական դասընթաց
«Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի «Բարեկամ» զարգացման և ժամանցի կենտրոնը Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի հետ համագործակցությամբ, դպրոցի 10-15 տարեկան թվով 18 երեխաների համար իրականացնում է համակարգչային երկամսյա ներածական դասընթաց:
«Բարեկամ» զարգացման և ժամանցի կենտրոնի աշխատանքները կազմակերպվում են «Հայաստանում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձնանց պաշտպանությանն ուղղված հիմնական ծառայությունների մատչելիության ապահովում» ծրագրի շրջանակներում՝ Ակցիա Սովիդեմ (ACD) միջազգային կազմակերպության և «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի գործընկերությամբ և Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։
- Համագործակցություն «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ընկերության հետ
Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի և «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ընկերության համագործակցությամբ, սալիկապատվել է դպրոցի առաջին մասնաշենքի միջանցքի հատակը, իսկ դասարաններում մանրահատակ է շարվել: Ընկերության աջակցությամբ փոխվել է նաև առաջին մասնաշենքի մուտքի դուռը:
Դպրոցի տնօրեն Դավիթ Կոստանդյանի նախաձեռնությամբ վերանորոգվել են առաջին մասնաշենքի դասարանները:
Վերոնշյալ աշխատանքներին իրենց մասնակցությունն են ունեցել դպրոցի աշխատակիցներն ու բարձր դասարանների աշակերտները:
- Արևային կայաններ
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակում Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղադրվել են արևային կայաններ, ինչը թույլ է տալիս լրացուցիչ եկամտի աղբյուր ձեռք բերել և հոգալ դպրոցի հետ կապված ծախսերը:
Ծրագրի շրջանակում դպրոցում տեղադրվել է 49․95 ԿՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան՝ 450 Վտ հզորությամբ մոնոկրիստալ վահանակներ, եռաֆազ ինվերտոր, հենակային համակարգ և մալուխներ, ինչը կարևոր էջ է դպրոցի՝ դեպի մաքուր էներգիա անցում կատարելու ճանապարհին։
- «Barigortser.am» սոցիալական նախագիծ
«Վարկս Էյ Էմ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության և Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի համագործակցությամբ, «Barigortser.am» սոցիալական նախագծի շրջանակում փոխվել են դպրոցի միջանցքների պատուհանները՝ միջանցքներում սահմանված ջերմաստիճան ապահովելու համար։ Նախագծին տրամադրվել է 1.5 մլն դրամ։ Իսկ իրականացվող աշխատանքներում իրենց մասնակցությունն են ունեցել դպրոցի բարձր դասարանների աշակերտները:
- Ճաշարան
ՄԱԿ-ի համաշխարհային պարենի ծրագրի շրջանակներում («Կայուն դպրոցական սնունդ» ծրագիր) Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում հիմնվել է ճաշարան: Ճաշարանի վերանորոգման աշխատանքներում ներգրավվել են նաև Գորիս համայնքում գործող «Ծիածան» խանութ-սրահը, «Գամմա» գործարանը, Գորիսի համայնքապետարանը: Աշխատանքների իրականացման փուլում իրենց մասնակցությունն է ունեցել դպրոցի կոլեկտիվը, ինչպես նաև բարձր դասարանների աշակերտները: Ճաշարանը 2021 և 2022 թվականներին Սյունիքի մարզում ճանաչվել է լավագույնը:
- Ճապոնիայի դեսպանատուն
Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատան և Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի համագործակցությամբ փոխվել է դպրոցի գլխավոր մուտքի դուռը: Իրականացվող աշխատանքներում իրենց մասնակցությունն են ունեցել դպրոցի բարձր դասարանների աշակերտները:
- Կալիֆորնիական որդերի միջոցով կենսահումուսի արտադրություն
Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակում հիմնվել է կալիֆորնիական որդերի միջոցով կենսահումուսի արտադրություն: Կալիֆորնիական որդերի պահման և բազմացման վայրի կառուցան աշխատանքներում ներգրավված են եղել դպրոցի 7-9-րդ դասարանների աշակերտները:
- «Անգլերեն» առարկայի կաբինետ
«Հայ դպրոց» ամերիկյան հիմնադրամի աջակցությամբ և «Խաղաղության կորպուսի» կամավոր Մերի Ռուզինի անմիջական մասնակցությամբ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Անգլերեն» առարկայի կաբինետի համար ձեռք է բերվել դասարանային, կաբինետային գույք, 4 դյուրակիր համակարգիչ (նոութբուք), 1 անհատական համակարգիչ, հեռուստացույց:
- Հացի արտադրամաս
ՄԱԿ-ի համաշխարհային պարենի ծրագրի շրջանակներում («Կայուն դպրոցական սնունդ» ծրագիր) Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը ստացել է հացի արտադրամասի համար նախատեսված անհրաժեշտ սարքավորումներ: Արտադրամասը նախատեսվում է գործարկել 2022-2023 ուսումնական տարում: Արտադրական աշխատանքներում նախատեսվում է ներգրավել համայնքի երիտասարդությանը, ինչպես նաև դպրոցի «Տեխնոլոգիա» առարկան ուսումնասիրող համապատասխան դասարանների աշակերտներին:
- Անձրևաջրերի օգտագործում
ՄԱԿ-ի համաշխարհային պարենի ծրագրի շրջանակներում («Կայուն դպրոցական սնունդ» ծրագիր) Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կառուցված ջերմատան ոռոգման համար դպրոցի հարակից հատվածում տեղադրվել են անձրևաջրերի հավաքման համար նախատեսված բաքեր: Աշխատանքներում ներգրավվել են դպրոցի աշխատակիցներն ու բարձր դասարանների աշակերտները:
- «Ֆրանսերեն» առարկայի կաբինետ
«Գիշյան» հիմնադրամը յուրաքանչյուր տարի հայտարարում է տարբեր ոլորտների համար նախատեսված դրամաշնորհային մրցույթ: 2022 թվականին մրցույթում առաջնահերթությունը տրված էր կրթական այն ծրագրերին, որոնք կնպաստեն հայ-ֆրանսիական կապերի զարգացմանը։ Վերոնշյալ մրցույթին մասնակցության և հաղթելու արդյունքում Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կստեղծվի «Ֆրանսերեն» առարկայի կաբինետ: Կաբինետի համար նախատեսված ամբողջ գույքը դպրոցին կտրամադրվի Գիշյան հիմնադրամի, Կայուն զարգացման հիմնադրամի և Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի միջև կնքվելիք եռակողմ պայմանագրով:
- Համագործակցություն Վորլդ Վիժն Հայաստանի հետ
Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի և Վորլդ Վիժն Հայաստանի համագործակցության արդյունքում դպրոցում հիմնանորոգվել, կահավորվել և շահագործման է հանձնվել կրթության ներառականության ապահովման երկու կաբինետ, որտեղ իրենց դասերն են անցկացնում դպրոցի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտները:
- Համագործակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ
ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի համագործակցությամբ հիմնանորոգվում են դպրոցի տարրական մասնաշենքի սանհանգույցները:
- Համագործակցություն «Կրթական նախաձեռնություններ» ԿՀԿ Հայաստանի ԱՄՆ դեսպանատան հետ
«Կրթական նախաձեռնություններ» ԿՀԿ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ դպրոցում իրականացվում է անգլերենի խորացված ուսուցման ծրագիր Գորիս համայնքի 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտների համար։ Դասընթացներն անվճար են և նախատեսված են միմիայն ընտրված մասնակիցների համար: Յուրաքանչյուր խմբում կա մոտ 15-18 մասնակից: Ծրագրի շրջանակներում դպրոցի անգլերենի կաբինետը համալրվել է հեռուստացույցով և սպիտակ գրատախտակներով: