«Վերջին զանգի» ընթացքում առաջին անգամ հնչեց դպրոցի հիմնը, ներկայացվեց դպրոցի տարբերանշանը, դրոշն ու դրանց խորհուրդը

Մայիսի 24-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում հնչեց «Վերջին զանգը»: Միջոցառման մեկնարկին առաջին անգամ հնչեց Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի հիմնը, որը կատարեց դպրոցի երգչախումբը, ինչպես նաև ներկայացվեց դպրոցի տարբերանշանը, դրոշն ու դրանց խորհուրդը: 

    

  

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի համար տարբերանշանի ստեղծման հիմնական նպատակն էր՝ ունենալ դպրոցի հիշարժան, յուրօրինակ խորհրդանիշը՝ արտացոլելով նրա գործունեության կարևորագույն ոլորտներն ու առաջնահերթությունները:

Տարբերանշանի տարրեր են ընտրվել՝ վահանը, փետուրը, երկրագունդը, պարզած ձեռքը, գլխարկը։

Դպրոցի տարբերանշանի վրա պատկերված վահանը խորհրդանշում է կրթված մարդու պաշտպանվածությունը։ Նաև, ինչպես հայտնի արտահայտությունն է ասում՝ «Վահանի վրա առնել, բարձրացնել», ինչն այս դեպքում կնշանակի փառաբանել, գովաբանել, մեծարել կրթությունն ու գիտելիքը։

Վահանի վրա տեսնում ենք փետուրը, որը խորհրդանշում է ուսուցչի անխոնջ ստեղծագործ աշխատանքը։

Երկրագունդը՝ որպես մեզ շրջապատող աշխարհի մասին համապարփակ գիտելիքներ փոխանցելու ցանկության խորհրդանիշ՝ դպրոցական կյանքի հիմքը։ Խորհրդանշական երկրագունդը բոլոր հիմքերի հիմքն է։ Աշակերտը կունենա գիտելիք, ամուր կկանգնի Երկիր մոլորակի վրա և օգուտ կտա այն ամենին, ինչն իրեն շրջապատում է։

Գլխարկը՝ որպես կրթության նվաճումների խորհրդանիշ։

Պարզած ձեռքը՝ որպես կրթության մեջ առաջամարտիկի խորհրդանիշ։

Այս ամենը շրջանի մեջ է առնում դպրոցի անվանումը, ինչը խորհրդանշում է դպրոցի աշխատակիցների և սովորողների միասնականությունն ու համախմբվածությունը մեկ ընդհանուր գաղափարի շուրջ։

Տարբերանշանը պատկերված է սպիտակ ֆոնի վրա, ինչը խոսում է պարզության և մաքրության մասին։

Դպրոցի դրոշի համար հիմք է հանդիսացել տարբերանշանը։ Դրոշի վրա առկա վերևի գիծը խորհրդանշում է պետությունը, որի հիմքն ընտանիքն է, իսկ ներքևինը՝ հենասյունը՝ կրթությունը։

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի դրոշի, տարբերանշանի, հիմնի ստեղծումը դպրոցի կարևորագույն ձեռքբերումներից է, և դրա նպատակը մեկն է՝ դպրոցն առավել ճանաչելի դարձնել, արժևորել նրա պատմությունը և անցած ուղին, նրա որդեգրած գաղափարախոսությունն ի լուր աշխարհի հայտնել խորհրդանշական ձևով: 

Դպրոցի դրոշն ու տարբերանշանը մշակվել և ստեղծվել են ուսումնական գծով տնօրենի տեղակալ Սերգեյ Ավանեսյանի կողմից:

Դպրոցի հիմնի ստեղծման գաղափարը Սերգեյ Ավանեսյանինն է: Խոսքերի հեղինակը «Մաթեմատիկա» առարկայի ուսուցչուհի Ալլա Առստամյանն է, երաժշտության հեղինակը՝ «Երաժշտություն» առարկայի ուսուցչուհի Թամարա Հովհաննիսյանը: Գործիքավորումը կատարել է Արա Ստեփանյանը:

Նշենք, որ դպրոցի երգչախմբի գեղարվեստական ղեկավարը «Երաժշտություն» առարկայի ուսուցչուհի Թամարա Հովհաննիսյանն է:

ՀԻՄՆ

Դու դպրության կանթեղ անմար,
Արևից ես կարծես սնվել,
Լուսավոր ջահը գիտության 
Այս ձորերի մեջ ես վառել։
Այս ձորերի մեջ ես վառել։

Կրկներգ։ 
Դու սուրբ տաճար, հայոց դպրոց,
Մեզ հայ պահող ոգու ամրոց,
Նախնյաց օջախ մեր սրբազան,
Լույսի խոյանք, մտքի օրրան։
Նախնյաց օջախ մեր սրբազան,
Բախշյանական հոգու օրրան։

Կանգուն մնա դու հավիտյան,
Զանգդ հնչեղ, գիրկդ միշտ բաց,
Ակունք դարձիր դու դպրության՝ 
Սերունդներին գիրդ պարզած։
Սերունդներին գիրդ պարզած։

Կրկներգ։ 
Դու սուրբ տաճար, հայոց դպրոց,
Մեզ հայ պահող ոգու ամրոց,
Նախնյաց օջախ մեր սրբազան,
Լույսի խոյանք, մտքի օրրան։
Նախնյաց օջախ մեր սրբազան,
Բախշյանական հոգու օրրան։

Հիմնի նոտագրությունը կարող եք տեսնել այստեղ:

Հիմնը՝ դպրոցի երգչախմբի կատարմամբ․

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (24.05.2024)
Դիտումներ: 906 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar