Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում նախատոնական տրամադրություն է տիրում: Դպրոցի մուտքը ուրախ ողջունում է իր աշակերտներին և դպրոցի աշխատակազմին: Ամանորյա տոնական հանդերձանքի մեջ է ամբողջ դպրոցը: Լուսամուտներին պատկերված գույնզգույն նվերներ, սպիտակ փաթիլներ, տոնածառն ու ուրախ Ձմեռ Պապը հենց մուտքից արտասովոր շուք, բարձր տրամադրություն ու ջերմություն են հաղորդում բոլորին: Դասարանները, միջանցքները, դռներն ու պատուհաններն ուսուցիչների և աշակերտների մասնակցությամբ ամանորյա զարդարանք են ստացել:
Դեկտեմբերի 15-ից դպրոցում անցկացվեցին դիմակահանդեսների, տոնական միջոցառումների մի ամբողջ շարք: Ցածր դասարանցիներն իրենց հեքիաթային կերպարներով, երգ ու պարով նոր շուք հաղորդեցին ամանորյա տոնակատարություններին: Այնուհետև մի քանի օր շարունակ դպրոցն ապրում էր տոնական տրամադրություն: Նոր տարին այն բացառիկ տոնն է, երբ բոլոր մարդիկ՝ մեծ թե փոքր, հավատում են հրաշքների, ցանկություններ են հայտնում և սպասում այն կախարդանքին, որն իր մեջ կրում է Ամանորի գիշերը: Հավատալով Ամանորի հրաշքին՝ աշակերտների մասնակցությամբ վառեցին դպրոցի գլխավոր տոնածառի լույսերը: Տոնական միջոցառումը մեկնարկեց դպրոցի աշակերտների երաժշտական կատարումներով, ասմունքով, երգով ու պարով: Աշակերտները նաև փոքրիկ ներկայացում էին պատրաստել: Տնօրեն Դավիթ Կոստանդյանը ներկաներին շնորհավորեց գալիք տոների կապակցությամբ: «Իմ ջերմ ու անկեղծ մաղթանքներն եմ հղում բոլորիդ, շնորհավորում Ամանորի և Սուրբ Ծննդի առիթով, ցանկանում ձեզ և ձեր մտերիմներին բարօրություն, սեր, ջերմություն և արևշատություն:
Թող 2022 թվականը լինի խաղաղության, հաջողությունների, բոլոր նվիրական իղձերի ու կանխատեսումների և ազգանվեր ձեռնարկումների տարի»,-իր խոսքում նշեց Կոստանդյանը: Տարեմուտի միջոցառումը կազմակերպել էր դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Արմիդա Գևորգյանը: Հավելենք նաև, որ դպրոցի գլխավոր տոնածառի զարդարման աշխատանքներին մասնակցել են աշխատակիցները՝ ուսուցիչները, ուսուցչի օգնականները, ինչպես նաև տարբեր դասարանների աշակերտներ:
| |
| |
Դիտումներ: 437 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |