Մեդիագրագիտության, քննադատական մտածողության և անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ քննակում

Նոյեմբերի 6-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանն ու ԿԱԴԱՀ Արմիդա Գևորգյանը կազմակերպեցին հանդիպում դպրոցի աշակերտական խորհրդի ներկայացուցիչների հետ՝ կենտրոնանալով մեդիագրագիտության, քննադատական մտածողության զարգացման և անձնական տվյալների պաշտպանության վրա:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին սոցիալական ցանցերում անվտանգ հաղորդակցության կանոնները, կիբեռբուլինգի և կիբեռհանցագործությունների տեսակները, ինչպես նաև համացանցային դրամաշորթության և անձնական ինֆորմացիայի (լուսանկարներ, տեսանյութեր) պահպանման կարևորությունը: Սերգեյ Ավանեսյանն աշակերտներին ներկայացրեց կոնկրետ դեպքեր՝ ընդգծելով դրանց հնարավոր վտանգները և բացատրելով, թե ինչպես կարելի է խուսափել նման իրավիճակներից:

Անդրադարձ կատարվեց անձնական տվյալների պաշտպանության, անձնական տարածքի սահմանների պահպանումին, ինչպես նաև համացանցում սեփական և այլոց իրավունքների պահպանմանը: Հանդիպման ընթացքում աշակերտները հնարավորություն ունեցան ուղղել իրենց հարցերը, քննարկել առկա խնդիրները և դիտարկել իրական կյանքի օրինակներ, ինչը նպաստեց նրանց մեդիագրագիտության և անվտանգ ինտերնետի վերաբերյալ գիտելիքների խորացմանը:

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև անձնական տվյալների պաշտպանության ոլորտում արհեստական բանականության գործիքների կիրառության արդիական խնդիրներին։ Ներկայացվեց, որ ժամանակակից թվային միջավայրում արհեստական բանականության (ԱԲ) լուծումները լայնորեն կիրառվում են ինչպես տվյալների մշակման և վերլուծության, այնպես էլ որոշումների ընդունման գործընթացներում, ինչը միաժամանակ առաջացնում է նոր մարտահրավերներ՝ կապված տվյալների գաղտնիության և անվտանգության ապահովման հետ։

Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց արհեստական բանականության կիրառությանը կրթական գործընթացում։ Քննարկվեց, թե ինչպես կարող են ԱԲ գործիքները նպաստել ուսուցման անհատականացմանը, կրթվելու աշխատանքային արդյունավետության բարձրացմանը և ուսումնառության որակի բարելավմանը։ Միաժամանակ շեշտվեց, որ դրանց կիրառումը պետք է իրականացվի հստակ կանոնակարգմամբ և պատասխանատու մոտեցմամբ՝ պահպանելով սովորողների և աշխատակիցների անձնական տվյալների պաշտպանությունը։

Անդրադարձ կատարվեց նաև արհեստական բանականության միջոցով կեղծ տվյալների՝ նկարների, ձայնային ֆայլերի և տեսանյութերի (այսպես կոչված «deepfake» բովանդակության) գեներացման խնդրին։ Նշվեց, որ նման տեխնոլոգիաները կարող են լուրջ ռիսկեր ստեղծել տեղեկատվական անվտանգության, հանրային վստահության և անհատների հեղինակության համար։ Կարևորվեց մեդիագրագիտության զարգացումը, փաստերի ստուգման հմտությունների ձևավորումը և իրավական կարգավորումների կատարելագործումը՝ հնարավոր չարաշահումները կանխարգելելու նպատակով։

Աշակերտական խորհուրդը ծրագրում է կազմակերպել շարունակական քննարկումներ տվյալ թեմայի շուրջ և ստացած ինֆորմացիան փոխանցել դպրոցում սովորող մյուս աշակերտներին՝ այդպիսով նպաստելով ամբողջ դպրոցում մեդիագրագիտության, ինքնապահպանման և անվտանգության մշակույթի բարձրացմանը:

Այս հանդիպումը հանդիսացավ կարևոր քայլ աշակերտների համացանցային գրագիտության, անվտանգ վարքի և քննադատական մտածողության զարգացման ուղղությամբ, և ամրապնդեց դպրոցի դիրքորոշումը՝ որպես ապահով, ստեղծարար և ինտերակտիվ ուսումնական միջավայր:

    

    

    

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (06.11.2025)
Դիտումներ: 287 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar