Այսօր՝ փետրվարի 1-ին, Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տոնական մթնոլորտ էր: Դպրոցի տնօրենությունը, ուսուցիչներն ու աշակերտներն ուրախությամբ և հպարտությամբ դիմավորում էին դպրոցի 7-րդ «Գ» դասարանի աշակերտ Արտակ Աղաբեկյանին, որ վերջերս՝ հունվարի 28-30-ը, ՌԴ Ստավրոպոլ քաղաքում տեղի ունեցած ազատ ըմբշամարտի միջազգային առաջնությունում փայլուն ելույթ ունեցավ և դարձավ բացարձակ չեմպիոն՝ նվաճելով ոսկե մեդալ:
Դպրոցի տնօրենության կողմից շնորհակալագրի և դրամական պարգևի արժանացավ շնորհալի աշակերտը: Տնօրեն Դավիթ Կոստանդյանը շնորհավորանքի ու շնորհակալական խոսքով հանդես եկավ՝ նշելով, որ Արտակի շնորհիվ Գորիսի անունն ու Հայաստանի օրհներգը հնչել է միջազգային մրցաշարում։ Լիահույս ենք, որ հաջողություններն ու հաղթանակները շարունակական կլինեն: Հիշեցնենք, որ հունվարի 28-30-ը ՌԴ Ստավրապոլ քաղաքում տեղի է ունեցել ազատ ըմբշամարտի միջազգային առաջնությունը, որին մասնակցել են նաև Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոցի 35 կգ քաշային կարգի մարզիկներ Արտակ Աղաբեկյանն ու Ալեն Միրզոյանը: Միջազգային մրցաշարում Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոցի ըմբիշները փայլուն մրցելույթներ են ունեցել և նվաճել համապատասխանաբար 1 ոսկե ու 1 բրոնզե մեդալներ: Արտակ Աղաբեկյանը եզրափակիչ գոտեմարտում ծանր ու համառ պայքարի արդյունքում հաղթել է 3:2 հաշվով և դարձել իր քաշային կարգում առաջնության բացարձակ չեմպիոն` նվաճելով ոսկե մեդալ։
| |
| |
Դիտումներ: 805 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |