Գիրք նվիրելու օրվան ընդառաջ փոքրիկ ցերեկույթ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 6-րդ «Բ» դասարանում

Փետրվարի 19-ը հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, և այդ օրը Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր: 

Փետրվարի 9-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 6-րդ «Բ» դասարանում դասղեկ Մարգարիտա Պետրոսյանը գիրք նվիրելու օրվան ընդառաջ կազմակերպել էր «Գրքի տոն» խորագրով փոքրիկ ցերեկույթ:

  

Մարգարիտա Պետրոսյանն իր խոսքում նշեց, որ գիրք նվիրելու տոնը բազմախորհուրդ է: «Այն հիշեցնում է մեզ, որ պետք է ճանաչենք գրքի արժեքը, ընթերցենք, ինչպես նաև տարվա մեջ գեթ մեկ օր մեկական գիրք նվիրենք մեր մտերիմներին, հարազատներին: Կարող ենք նվիրել մեր կարդացած ու չկարդացած, հին ու նոր գրքերը՝ դրանով մեկ անգամ ևս հիշեցնելով, որ գիրքը միտք է ու հոգի, որ այն մեզ նվիրում է վայելքի անմոռաց րոպեներ ու ժամեր: Գիրք նվիրելով ինքներս մեզ ու մեր շրջապատին նվիրում ենք հոգևոր հաղորդակցման հաճելի ու անմոռաց պահեր»,-նշեց Մարգարիտա Պետրոսյանը:

Աշակերտները որպես նվեր գրքեր էին պատրաստել, որոնց բովանդակությունը նախ հակիրճ ներկայացրին, որից հետո նվիրեցին միմյանց:

Հիշեցնենք, որ գիրք նվիրելու օրը 2008 թվականից Հայաստանում և Արցախում նշվող նախաձեռնություն է։ Օրը նշվում է յուրաքանչյուր տարի՝ փետրվարի 19-ին՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը։ Տարեցտարի տոնն ավելի մեծ ժողովրդականություն է ձեռք բերում՝ մեծ արձագանք գտնելով հանրության շրջանում և ստանալով համազգային բնույթ:

  

  

  

  

  
 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (10.02.2022)
Դիտումներ: 515 | Վարկանիշ: 2.5/4
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar