Հարգանքի տուրք՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի զոհերի

Այսօր Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի տարելիցն է. մեկ տարի առաջ այս օրը Ստեփանակերտում լսվեցին պայթյունների առաջին ձայները: Մարտական լայնածավալ գործողություններ ընթացան արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում:

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Գորիս Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում 10:59-ին հնչեց երկար զանգ, որից հետո  դպրոցի ամբողջ տարածքում աշխատակիցներն ու աշակերտները 1 րոպե լռությամբ հարգեցին 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը: Լռության րոպեից հետո ուսուցիչներն աշակերտներին ներկայացրին Արցախի Հանրապետության ստեղծման, առաջին, երկրորդ և երրորդ պատերազմների պատմությունը:

11:05-ին՝ երկար դասամիջոցի ընթացքում, տնօրեն Դավիթ Կոստանդյանի գլխավորությամբ դպրոցի Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող անկյունում իրականացվեց մոմավառություն և ծաղկեդրում՝ ի հիշատակ բոլոր զոհերի։ Ներկաների լռությունն ու խոնարհված թարմ ծաղիկները խորը ցավի այն արտահայտումն են, որը շուրջ մեկ տարի է ուղեկցում է դպրոցի տնօրինությանն ու աշակերտներին:

Դպրոցի տնօրինությունը, ուսուցիչներն ու աշակերտներն այցելեցին նաև Գորիսի զինվորական պանթեոն և ծաղիկներ խոնարհեցին Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված գորիսեցի հերոսների շիրիմներին: Ռազմի դաշտում սխրանքներ կերտած հերոսների շարքերում են նաև Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի պանծալի շրջանավարտները:

Հավերժ հիշատակ և խոնարհում մեր հերոսներին. նրանց հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում, իսկ խիզախությունն ու սխրանքը ուղենիշ կլինի գալիք սերունդների համար:

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (30.10.2021)
Դիտումներ: 334 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar