Մարտի 10-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանից 2021-2022 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների մարզային փուլի մրցանակակիրների պարգևատրման արարողությունը:
Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը ողջույնի խոսքով հանդես եկավ, որում կարևորեց կրթության դերը երկրի զարգացման գործում, ինչպես նաև նշեց, որ անհրաժեշտ է հետևողական լինել դպրոցներում կրթության վերջին բարեփոխումների հետ կապված զարգացումներին և այդ համատեքստում հատուկ ուշադրություն դարձնել առարկայական օլիմպիադաներում աշակերտների գրանցած արդյունքներին:
Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 7 աշակերտ արժանացել են 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի դիպլոմների՝ «Հայոց լեզու», «Ռուսաց լեզու», «Կենսաբանություն», «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաներից: Այս ցուցանիշով դպրոցը Գորիսի տարածաշրջանի հիմնական դպրոցների շարքում առաջատարն է։
8-րդ «Բ» դասարանի աշակերտուհի Ջուլիա Մարգարյանը «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայից արժանացել է երկրորդ կարգի դիպլոմի:
9-րդ «Ա» դասարանի աշակերտուհի Մարի Ծատրյանը «Հայոց լեզու» առարկայից արժանացել է երկրորդ կարգի դիպլոմի, իսկ «Ռուսաց լեզու» առարկայից՝ առաջին կարգի: Մարին կմասնակցի «Հայոց լեզու» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլին:
9-րդ «Ա» դասարանի աշակերտուհի Լիա Թունյանը «Հայոց լեզու» առարկայից արժանացել է երրորդ կարգի դիպլոմի:
9-րդ «Ա» դասարանի աշակերտ Արմեն Սարգսյանը «Ռուսաց լեզու» առարկայից արժանացել է երկրորդ կարգի դիպլոմի:
9-րդ «Ա» դասարանի աշակերտուհի Անի Ալավերդյանը «Կենսաբանություն» առարկայից արժանացել է երրորդ կարգի դիպլոմի: 9-րդ «Բ» դասարանի աշակերտ Աշոտ Տատինցյանը «Հայոց լեզու» առարկայից արժանացել է երրորդ կարգի դիպլոմի: Հավելենք, որ միջոցառմանը ներկա էին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Դավիթ Կոստանդյանը, ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, Գորիսի տարածաշրջանի դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ և ծնողներ:
| |
| |
Դիտումներ: 960 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |