Ապրիլի 28-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 8-րդ «Բ» դասարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառում: «Հայը եղել է, կա ու կլինի» խորագիրը կրող միջոցառումը կազմակերպել էր 8-րդ «Բ» դասարանի դասղեկ Մերի Մկրտչյանը: Միջոցառման մասնակիցները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին 1915 թվականի ահեղ ոճրագործությանը զոհ գնացած հայերի հիշատակը: Այնուհետև կրթօջախի սաները հանդես եկան օրվա խորհուրդը լրացնող բեմադրությամբ, գրական-գեղարվեստական կատարումներով:
Հատուկ համարով հանդես եկավ նաև դպրոցի երգչախումը, որի գեղարվեստական ղեկավարն է «Երաժշտություն» առարկայի ուսուցչուհի Թամարա Հովհաննիսյանը: Միջոցառման ավարտին դպրոցի շրջանավարտները, ովքեր նույնպես ներկա էին միջոցառմանը, դահլիճից սկսեցին երգել Բարսեղ Կանաչյանի «Գինի լից» երգը: Ներկաների խանդավառությունը ևս մեկ անգամ փաստեց, որ հայը միշտ պահանջատեր է, շարունակելու է միշտ հիշել ու պահանջել: Նախորդ դարասկզբին տեղի ունեցած ցեղասպանությունն իր անջնջելի հետքը թողեց հետագա բոլոր սերունդների հիշողություններում: Այսօր էլ իրադարձությունները վերստին փաստում են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումն անհրաժեշտություն են՝ տևական խաղաղություն ու կայունություն ապահովելու համար: Ոգեկոչելով Հայոց մեծ եղեռնի սրբադասված նահատակների հիշատակը՝ գիտակցում ենք, որ միայն մեր գոյությամբ կարող ենք հաղթահարել չսպիացող վերքի ցավը, որ վերապրողների ժառանգներիս պարտքն է համախմբվել, հավատարիմ մնալ մեր արժեքներին ու ինքնությանը՝ կերտելով համայն հայության հզոր հայրենիք: Միջոցառմանը ներկա էին ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Արմիդա Գևորգյանը, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ:
| |
| |
Դիտումներ: 418 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
| |