Մայիսի 18-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4-րդ «Ա» դասարանում տեղի ունեցավ «Հայաստանը ես եմ» խորագրով միջոցառում, որը կազմակերպել էր դասվար Նունե Գալստյանը: Միջոցառումը մեկնարկեց մոմավառությամբ դպրոցի Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող անկյունում: Աշակերտներն իրենց գեղեցիկ երգով ու պարով ավելի տոնական դարձրին օրը, այդկերպ փորձելով ներկաներին փոխանցել իրենց սերն առ հայրենիք:
Միջոցառումը խորհուրդ էր նաև անկախության սերնդին, որ այդքան դժվար ձեռք բերված մեր ազատ երկիրը պահպանենք, շենացնենք, հաստատուն կանգնենք մեր սուրբ հողի վրա և ինչ դժվարություններ էլ լինեն, երբեք չլքենք մեր երկիրը: Միջոցառման ավարտին Նունե Գալստյանը նշեց, որ կարևոր է այսօրվա պատանիների մեջ սերմանել սեր ու հարգանք առ հայրենիք: «Նրանք պետք է գիտակցեն ազատ և անկախ լինելու խորհուրդը, պետք է պարտավորված լինեն պահպանել և էլ ավելի հզոր ու կայացած Հայաստան կերտել իրենց հավատքով, ուժով և ավյունով»,-նշեց Նունե Գալստյանը: ՄԿԱ գծով փոխտնօրեն Աիդա Անտոնյանը շնորհակալություն հայտնեց միջոցառումը կազմակերպելու, աշակերտների մեջ հայեցի հոգեբանություն և հայրենասիրություն սերմանելու համար: Միջոցառման նպատակն էր բարձրացնել այսօրվա աշակերտների, ինչպես նաև ապագա զինվորների հայրենասիրական ոգին, հարգանքի արժանացնել, հիշել և մեծարել մերօրյա հերոս տղաներին, ովքեր իրենց կյանքը չխնայեցին Արցախյան երեք պատերազմներում: Հայը իր անցյալով, ներկայով և ապագայով իրավունք ունի ապրելու, հարատևելու և բարգավաճելու: Կռվում ենք, ուրեմն կանք ու լինելու ենք ազատ ու անկախ: Միջոցառմանը ներկա էին ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ՄԿԱ գծով փոխտնօրեն Աիդա Անտոնյանը, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Արմիդա Գևորգյանը, Տարրական դասարանների մեթոդմիավորման նախագահ Ռիտա Շալունցը, ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ:
| |
| |
Դիտումներ: 534 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |