Մայիսի 19-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Բ» դասարանում տեղի ունեցավ «Մեսրոպատառ լուսե կանթեղ» խորագրով միջոցառում։ Դասվար Վարդ Գրիգորյանը կամակերպել էր հետաքրքիր ու բովանդակալից ցերեկույթ արդեն տառաճանաչ դարձած մանուկների ուժերով: Դահլիճն էլ էր մանկացել` կիսելով թոթով լեզվի ու մաշտոցյան այբուբենի գաղտնիքներին ծանոթ աշակերտների հուզմունքը և սրտի անկեղծ խոսքը: Մանուկների շուրթերից հնչում էին երգեր ու բանաստեղծություններ` նվիրված հայերենի առաջին ուսուցչին, գրին ու դպրությանը, իսկ բեմականացված հատվածների միջոցով ներկայացրին Մեսրոպ Մաշտոցի ապրած և տառերը ստեղծելու ժամանակաշրջանը:
Փոքրիկները նշեցին, որ հայոց տառերը միշտ էլ եղել են հայրենիքի զինվորներ` Հայկ Նահապետ, Վարդան Մամիկոնյան, Անդրանիկ զորավար, Կոմիտաս, Հովհաննես Թումանյան, Վազգեն Սարգսյան, որոնք կյանքի գնով պահել են հող հայրենին, քրիստոնեական հավատը և Սուրբ Մաշտոցի անմահ անունը: Դպրոցի ՄԿԱ գծով փոխտնօրեն Աիդա Անտոնյանն իր երախտիքի խոսքն ասաց դասվարին և մաղթեց նրան բեղմնավոր աշխատանք: Միջոցառմանը ներկա էին ՄԿԱ գծով փոխտնօրեն Աիդա Անտոնյանը, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Արմիդա Գևորգյանը, Տարրական դասարանների մեթոդմիավորման նախագահ Ռիտա Շալունցը, ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ:
| |
| |
Դիտումներ: 791 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |