Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Ա» դասարանը յուրօրինակ կերպով տոնեց ուսումնական տարվա ավարտը

Մայիսի 27-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Ա» դասարանը տոնեց ուսումնական տարվա ավարտը: 

Միջոցառումը տարբերվում էր իր բնույթով: 

Դասարան մտնելուց անմիջապես հետո դասվար Գայանե Ավագյանը շնորհավորեց իր սաներին, նշեց, որ նրանք հաղթահարել են դեպի գիտություն տանող առաջին քայլերը` արդեն գրաճանաչ ու տառաճանաչ են, շեշտեց, որ փոքրիկները ոչ միայն ծնողների, այլ նաև դպրոցի հպարտությունն են: 

Գայանե Ավագյանը բոլոր աշակերտներին հանձնեց գրաճանաչության վկայականներ: 

Միջոցառման հաջորդ մասը դպրոցի Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող անկյունում էր, որտեղ փոքրիկներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Արցախյան 44-օրյա պատերազմի անմահ հերոսների հիշատակին:

  

Այնուհետև աշակերտներն այցելեցին Գորիս քաղաքի պանթեոն, ծաղիկներ խոնարհեցին՝ի հիշատակ անմահացած մերօրյա հերոսների:

Դասվարի ուղեկցությամբ աշակերտները շրջեցին Գորիս քաղաքի պատմամշակութային հուշարձաններով, թանգարաններով, եղան Սերո Խանզադյանի և Ակսել Բակունցի տուն-թանգարաններում, որտեղ զբոսավարները հետաքրքիր կերպով երեխաներին մատուցեցին մեծն գրողների կենսագրությունը, գործունեությունը, ստեղծագործությունները:

Այցելեցին նաև Գորիսի «Յոթ աղբյուր» հուշաղբյուր, ծանոթացան Զորավար Անդրանիկի, Գարեգին Նժդեհի, Գրիգոր Տաթևացու, Գուսան Աշոտի հուշարձաններին: 

Հագեցած օրն ավարտվեց Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, որտեղ Գայանե Ավագյանն ու աշակերտներն իրենց աղոթքն ուղղեցին առ Աստված:

Միջոցառումը նպատակ ուներ աշակերտներին ծանոթացնել Գորիսի հետ, քաղաքի պատմամշակութային հուշարձանների, թանգարանների հետ, նրանց մեջ սերմանալ սեր դեպի հայրենիքը, հայկական մշակույթը, ծանոթացնել Գորիսի պատմությանը:

  

  

  

  
 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (29.05.2022)
Դիտումներ: 804 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar