Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը ևս մեկ սերունդ ճանապարհեց դեպի կյանքի նոր ուղի

Ինչ-որ բանից առաջ կամ ինչ-որ բանից հետո… Մարդիկ սիրում են իրենց կյանքը բաժանել փուլերի։ «Վերջին զանգը» կյանքի մի ինչ-որ փուլի վերջն է, որ հարկավոր է անցնել դասեր քաղած,  նոր կյանք մտնելու համար։ Կյանքում ոչինչ չի վերջանում։ Յուրաքանչյուր վերջ ազդարարում է նորի սկիզբը։

Հունիսի 3-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Վերջին զանգ» միջոցառումը, և բախշյանականները ճանապարհ բռնեցին դեպի կրթության մեկ այլ աստիճան:

Ուսուցիչները, 9-րդ «Ա» դասարանի աշակերտները, Նվարդ Ջհանգիրյանի որդին՝ Ավետիք Ավետիսյանը, ի հիշատակ Նվարդ Ջհանգիրյանի, ծաղիկներ խոնարհեցին նրա անունը կրող դասարանում:

  

Բուն միջոցառմանը նախորդեց «Վերջին դաս» միջոցառումը, որի ընթացքում մանկավարժները շնորհավորեցին և բարի երթ մաղթեցին դպրոցի 2021-2022 ուսումնական տարվա շրջանավարտներին: Նրանք շրջանավարտներին հորդորեցին լինել վստահ, չընկճվել դժվարությունների առջև, չվախենալ երազել և հույս հայտնեցին, որ շրջանավարտներից յուրաքանչյուրը կգտնի իր ճանապարհը, որը երջանկություն և հաճույք կպարգևի իրենց և օգտակար կլինի շրջապատող մարդկանց համար:

«Վերջին զանգի» ընթացքում շրջանավարտների շուրթերից հնչեցին սիրո, նվիրումի, երախտագիտության, շնորհակալական և հրաժեշտի խոսքեր՝ նվիրված դպրոցի տնօրինությանը, ուսուցիչներին, դասվարներին ու դասղեկներին, ինչպես նաև դպրոցի ամբողջ աշխատակազմին:

Առանձնահատուկ շնորհակալություն հայտնեցին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Դավիթ Կոստանդյանին, ով իր ամենօրյա աշխատանքով արժանի ավանդ է ներդնում պետության ապագա քաղաքացիների ձևավորման գործում։

  

Հատուկ շնորհակալություն հայտնեցին ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանին, ով ջանք չի խնայում, որ դպրոցում աշակերտների համար ուսումնառության տարիները դառնան գիտելիքի կուտակման ժամանակաշրջան, Աիդա Անտոնյանին, ով ամեն կերպ աջակցում է աշակերտներին, կազմակերպում և ղեկավարում սովորողների դաստիարակչական, արտադասարանական, արտադպրոցական աշխատանքները:

Տնօրեն Դավիթ Կոստանդյանը շնորհավորեց շրջանավարտներին, մաղթեց, որ լինեն Հայաստանի Հանրապետության պատվախնդիր քաղաքացի: «Սիրելի շրջանավարտներ, այսօր դուք շրջում եք ձեր կյանքի կարևոր էջերից մեկը: Էջ, որը հիմքն է կրթության, դաստիարակության և հասարակությանը պիտանի մարդ դառնալու: Ձեր ազնվությունը և հայրենասիրական գաղափարներն այսօր առավել, քան երբևէ անհրաժեշտ են մեր անկախ պետության հզորությունն էլ ավելի ամրապնդելու և բարձր պահելու ազգային արժեքները: Ինչ ճանապարհ էլ ընտրեք, նախևառաջ եղեք Հայաստանի Հանրապետության պատվախնդիր քաղաքացի, անմնացորդ սիրեք մեր հայրենիքը: Ձեզ բարի երթ...»,-իր խոսքում նշեց Դավիթ Կոստանդյանը:

Դպրոցի տնօրինությունն իր շնորհակալությունն է հայտնում Ծնողական խորհրդի անդամ Մերի Բունիաթյանին, ով իր աջակցությունն է ցուցաբերել «Վերջին զանգ» միջոցառման կազմակերպչական և ձևավորման աշխատանքներում:

Ավելի շատ լուսանկարներ՝ այստեղ:

  

    

  

    

  

    


 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (03.06.2022)
Դիտումներ: 888 | Վարկանիշ: 2.5/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar