Հոկտեմբերի 15-ին տոնական օր էր Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ երեք հիմնական դպրոցի 1-ին «Գ» դասարանում։ «Ա» տառին նվիրված բաց դաս-միջոցառումը սկսվեց գեղեցիկ ողջույն-մեկնարկով։ Դասվար Կարինե Մալխասյանի սաները հաջողությամբ ավարտեցին նախայբբենական շրջանը և սկսեցին գրաճանաչության փուլը՝ «Ա» տառի ուսուցմամբ։ Նրանք ամրապնդեցին պատմություն-նախադասություն-բառ-վանկ-հնչյուն շղթան, տարբերակեցին ձայնավոր և բաղաձայն հնչյունները, իրենց մտքերն արտահայտեցին կապակցված խոսքի միջոցով, գուշակեցին հանելուկներ, թվարկեցին «ա» հնչյունով կենդանիներ, թռչուններ, բնության տարրեր, գլխի մասեր։
Աշակերտներն առաջադրված պատմությունից առանձնացրին նախադասություններ, «Ա»-ով սկսվող բառեր։ Հետաքրքիր էին ֆիզկուլտ-դադարները, որոնք ավելի էին մոտիվացնում աշակերտներին։ Դասի ավարտին աշակերտներն իմացան տառանունը, տարբերակեցին հնյունը տառից, կարողացան գրել «Ա, ա» հնչյուն-տառը։ Այս օրը կարևոր էր նրանց բոլորի համար, քանի որ նրանք ձեռք բերեցին կախարդական բանալին՝ «Ա» տառը, որով կբացեն մեսրոպյան այբուբենի դուռը, կճամփորդեն տառերի զարմանահրաշ աշխարհում, կսովորեն գրել ու կարդալ մայրենի՛ լեզվով, Մաշտոցի՛ լեզվով: Բաց դաս-միջոցառմանը ներկա էին դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ՄԿԱ գծով փոխտնօրեն Արմիդա Գևորգյանը, ԴԱԿ Արաքսյա Առստամյանը, Տարրական դասարանների մեթոդմիավորման նախագահ Ռիտա Շալունցը, ուսուցիչներ, ծնողներ:
| |
| |
Դիտումներ: 692 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |