«Մենք ապրում ենք այնքան, որքան մեզ հիշում են» խորագրով միջոցառում՝ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կայացավ «Մենք ապրում ենք այնքան, որքան մեզ հիշում են» խորագրով միջոցառում՝ նվիրված Արցախյան պատերազմի հերոսների հիշատակին, որին մասնակցում էին Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը, Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը, հերոսների հարազատներ, մեծաթիվ հյուրեր: 

Միջոցառման շրջանակում դպրոցում բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող անկյուն, որտեղ տեղադրված խաչն օծեց Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանը:

Միջոցառումը սկսվեց նժդեհյան պատգամը մեզ՝ սերունդներիս փոխանցվող սրտառուչ խոսքերով:

Ասմունք, երգ, պար, բեմադրություն. ամեն ինչ հարիր էր դահլիճում տիրող տրամադրությանը:

«Զինվո՛ր, երկիրը քոնն է, դու՝ երկրինը, քո անունը գրված է և հար կմնա հայրենիքիս փառամատյանում»,-հնչեցրին երեխաները՝ ափսոսանքով նշելով, որ դպրոցի շրջանավարտ հերոսները ժամանակին հայրենասիրության դասեր են քաղել, հայեցի ոգով դաստիարակվել, որ այսօր մենք խաղաղ երկնքի ներքո շարունակենք ապրել, արարարել ու ստեղծել:

Սովորողները կոչ արեցին հայությանը բռունցքվել, համախումբ դառնալ և վրեժվել հանուն գալիքի:

Խորհրդանշական էր միջոցառման ավարտը. ի պատասխան հարցի՝ «Վերջապես իմացա՞ր՝ որն է Հայաստանը»՝ 14-ամյա աղջնակը ոգում է. «Հայաստանն այնտեղ է, ուր հայ երգն է թևածում, ուր հայոց այբ-բենն է զրնգում, ուր գոնե մեկ հայ կա, ուր Հայաստանից բերված ծիրանենու շիվ են տնկում ու հետն էլ հայավարի օրհնում՝ «Մեկդ հազար անի»»:

Անշուշտ, Հայաստանը ես եմ, դու ես, մենք ենք, այն մեծ «մենք»-ը, որ աշխարհն է ստեղծում, բարիք արարում, խաղաղություն երկնում ու հայրենի մի թիզ հողի համար սրբագործվում:

Միջոցառումն իսկապես դաս էր, հայրենասիրության դաս՝ հավերժի խորհրդով, ոգեշունչ, դաստիարակող...

Ներկաները դպրոցից հեռացան թեև արտասվաթոր աչքերով, զգացմունքների հորդահոս պոռթկումով, բայց և լավատեսական նկրտումներով:

Միջոցառումը կազմակերպվել էր դպրոցի հումանիտար առարկաների մեթոդմիավորման կողմից՝ Սոնա Հարությունյանի ղեկավարությամբ:

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (08.11.2021)
Դիտումներ: 337 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar