ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նոյեմբերի 7-13-ը հայտարարել են մեդիագրագիտության շաբաթ: Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակում, նոյեմբերի 9-ին Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը հյուրընկալել էր Գորիսի մամուլի ակումբի ծրագրերի տնօրեն Անահիտ Բաղդասարյանին, ով 9-րդ «Ա» և 9-րդ «Բ» դասարանների աշակերտներին ներկայացրեց, թե ինչպես կարելի է դիմակայել ապատեղեկատվությանը, ինչին պետք է ուշադրություն դարձնել, ինչպես են կեղծիքն ազդեցիկ դարձնում, կեղծիքի և մանիպուլյացիաների տեսակները և այլն:
Հանդիպմանը ներկա էր նաև ՍիվիլՆեթի փաստերի ստուգման «#CivilNetCheck» բաժնի խմբագիր Անի Գրիգորյանը, ով աշակերտների հետ կարճ զրույց ունեցավ: Քննարկման ավարտին Անահիտ Բաղդասարյանը պատասխանեց աշակերտների հարցերին, խորհուրդներ տվեց, թե ինչպես պետք է ճիշտ օգտագործել համացանցը: Մեդիագրագիտության շաբաթն ամենամյա նախաձեռնություն է, որի շրջանակում կրթության ոլորտի կառույցներն ու կազմակերպությունները մեդիագրագիտության միջոցառումներ ու դասեր են անցկացնում: Մեդիագրագիտությունն այն ուղեցույցն է, որ կարող է օգնել մեզ հասկանալ ինֆորմացիոն հոսքերը, ճանաչել որակյալ լրագրությունը և վստահելի ինֆորմացիան աղբյուրները: Հետևելով մեր թվային վարքին՝ յուրաքանչյուրս կարող ենք փաստերի վրա հիմնված դատողություններ անել, ազատորեն քննարկել խնդիրները, ասելիքը փաստարկել՝ առանց վիրավորանքի, պիտակավորման ու ատելության՝ տուրք չտալով քարոզչական կեղծիքներին։
| |
| |
Դիտումներ: 510 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |