«Մոլորակը մենք ենք» խորագրով միջոցառում՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 3-րդ «Դ» դասարանում

Նոյեմբերի 14-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 3-րդ «Դ» դասարանի դասվար Իրինա Ջավահիրյանը կազմակերպել էր միջոցառում՝ «Մոլորակը մենք ենք» խորագրով։

Միջոցառման ընթացքում աշակերտները խոսեցին շրջակա միջավայրին հասցվող ահռելի վնասի մասին, նշելով, որ Երկիր մոլորակն այլև չի հանդուրժում մեզ, շեշտելով, որ յուրաքանչյուր նոր տասնամյակ ավելի տաք է նախորդից, և, որ իրենք ապրում են աղտոտված միջավայրում։

  

«Մարդը միշտ սպառողի դերում է և չի մտածում, որ ամեն ինչ սահմանափակ է»,-իրենց խոսքում նշեցին երեխաները, հանգամանալից ներկայացնելով այն թափոնների ցանկը, որոնք քայքայվում են 100-1մլն տարում, ինչպես նաև այդ թափոնների որպես երկրորդային հումք օգտագործման եղանակները։ 

Դասվար Իրինա Ջավահիրյանն իր խոսքում հավելեց, որ միջոցառման բուն նպատակն ու խորհուրդն այն է, որ դեռ փոքրուց պետք է երեխայի մեջ սերմանել ու դաստիարակել կուլտուրա, հոգատարություն՝ շրջակա միջավայրի նկատմամբ։ Նշեց, որ բնությունը օժտել է մեզ բանականությամբ, որպեսզի բացահայտենք նրա հանելուկները, միևնույն ժամանակ հորդորեց չգերագնահատել մարդկության հնարավորությունները, քանի որ բնությունը մարդկությունից լուրջ հաշվեհարդար կպահանջի։ 

  

Միջոցառմանը ներկա Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը ողջունեց և կարևորեց բնապահպանական թեմայով միջոցառումները, նշելով, որ բնապահպանական խնդիրների վերաբերյալ ձեռք բերած գիտելիքները երեխաները, անկասկած, հետագայում էլ կիրառելու են իրենց կյանքում:

Տնօրեն Դավիթ Կոստանդյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին և օժանդակողներին, նշեց, որ կարևորում է բնապահպանական գիտելիքները, որոնք աշակերտներին պետք են լինելու ամբողջ կյանքի ընթացքում: «Սահմանադրության դրույթներից մեկը սահմանում է մեզնից յուրաքանչյուրի պատասխանատվությունը ապագա սերունդների առջև. խոսքը բնական ռեսուրսների խելամիտ օգտագործման և պահպանման մասին է: Հետևաբար մենք բոլորս դերակատարում ունենք այդ հարցում: Եթե ցանկանում ենք, որ ապագա սերունդները նույնպես օգտվեն մեր երկրի բնական ռեսուրսներից, ապա պետք է փոխենք մեր մտածելակերպը»,-նշեց Դավիթ Կոստանդյանը:

Միջոցառմանը ներկա էին «Մաքուր Գորիս» ՀԿ-ի ներկայացուցիչ Էլմիրա Բալասանյանը, Գորիսի «Իմփաքթ Հաբ» գրասենյակի ներկայացուցիչներ Ռաիսա Աղաբեկյանն ու Արփա Հակոբյանը, Գորիսի համայնքապետարանի աշխատակիցներ, ծնողներ, հյուրեր:

  

  

  

  
 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (15.11.2022)
Դիտումներ: 487 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar