Նոյեմբերի 14-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 7-րդ «Ա» դասարանի աշակերտները, դասղեկ Աննա Աբգարյանի գլխավորությամբ, քայլարշավ կատարեցին դեպի Գորիս գյուղ: Գորիս գյուղում աշակերտները ծանոթացան Հին Գորիս բնակատեղիին, եղան Գորիսի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում, մոմ վառեցին, աղոթեցին խաղաղության համար։
Աննա Աբգարյանն աշակերտներին ներկայացրեց Հին Գորիսի և Սուրբ Հռիփսիմե եկեղեցու պատմությունը, նշելով, որ Հին Գորիս գյուղատեղին տարածվում է Գորիս քաղաքից արևելք, համանուն գետի ձախ: «Գյուղատեղին հատկապես աչքի է ընկնում իր ինքնատիպ միջնադարյան եկեղեցիներով ու մատուռներով, ժայռափոր կացարան-բնակարաններով, մելիքական ապարանքներով, բնակելի ու հասարակական նշանակության շինություններով: Հայտնի է, որ XVI-XVII դարերում Սյունիքում և Արցախում իրենց ազդեցիկությամբ աչքի էին ընկնում մելիքական ընտանիքները: Թուրք-պարսկական տիրապետության շրջանում ձեռք բերած որոշակի իրավունքների շնորհիվ այդ ընտանիքները վճռորոշ դերակատարություն են ստանձնում տարածաշրջանի կառավարման գործերում: Սյունիքում մելիքությունները այն ծանրակշիռ ուժերն էին, որոնց շնորհիվ ազգային ազատագրական շարժումները թևակոխեցին միանգամայն որակական նոր փուլ»,-իր խոսքում նշեց Աբգարյանը: Օրը բավականին հագեցած էր։ Եկեղեցին, շրջակա տարածքն ու աշնանային տեսարանները դիտելուց ու վայելելուց հետո երեխաներին հանձնարարվեց տերևներով պատրաստել պատկերներ: Քայլարշավի նպատակն էր ճանաչել ծննդավայրում առկա պատմա-մշակութային վայրերը, սովորել պահպանել այդ արժեքները, նպաստել երեխաների միջև փոխհարաբերությունների ամրապնդմանը, հաղորդակցման հմտությունների զարգացմանը: Երեխաների ժպիտները, բարձր տրամադրությունը փաստեցին, որ այսօրվա քայլարշավը հաջողվել է, նպատակներն իրականացվել են:
| |
| |
Դիտումներ: 443 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |