ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ նոյեմբերի 8-ից 14-ը «#ԴԻՄԱԿայումենք» խորագրով անցկացնում է Մեդիագրագիտության շաբաթը։ Նոյեմբերի 9-ին Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը հյուրընկալել էր Գորիսի մամուլի ակումբի ծրագրերի տնօրեն Անահիտ Բաղդասարյանին ու «Սյունիք» ինֆոտան համակարգող Աննա Սահակյանին, ովքեր ուսուցիչներին, 9-րդ «Ա» և 9-րդ «Բ» դասարանների աշակերտներին ներկայացրին, թե ինչպես կարելի է դիմակայել ապատեղեկատվությանը, լրավարակին, քարոզչությանն ու տեղեկատվական տարբեր մարտահրավերներին՝ պատվաստվելով մեդիագրագիտությամբ և կրելով այն որպես պաշտպանիչ դիմակ։ Տեղեկատվական հատվածից հետո աշակերտները «Լիտերատուսի արկածները» սեղանի խաղի միջոցով փորձեցին օգնել Լիտերատուսին և ստուգել փաստերը։ Արդյունքում հաղթեց 9-րդ «Ա» դասարանի թիմը։ Մամուլի ակումբի ներկայացուցիչները հաղթող թիմի համար խոստացան նվերներ ուղարկել, իսկ «Լիտերատուսի արկածները» սեղանի խաղը նվիրեցին դպրոցին։ Մեդիագրագիտության շաբաթը գլոբալ շարժում է, որն ամեն տարի աշնանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ անցկացվում է աշխարհի տարբեր երկրներում։ Հայաստանում Մեդիագրագիտության շաբաթն անցկացվում է արդեն 4-րդ անգամ․ այս տարի նախաձեռնությանը միացել է նաև ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանը։ Ավելի շատ լուսանկարներ՝ այստեղ:
| |
| |
Դիտումներ: 550 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |