Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպվեց դաս-միջոցառում՝ նվիրված ՀՀ եւ ԱՀ ազգային հերոս Ավոյի 65-ամյակին

Նոյեմբերի 29-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպվեց դաս-միջոցառում՝ նվիրված ՀՀ եւ ԱՀ ազգային հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, Արցախի պատերազմի ակտիվ մասնակից եւ հրամանատար՝ Մոնթե Մելքոնյանի 65-ամյակին։ Միջոցառումը նախաձեռնել էին «Պատմություն» առարկայի ուսուցչուհի՝ Ռուզաննա Խաչատրյանը եւ «ՆԶՊ» առարկայի ուսուցիչ՝ Արթուր Հովսեփյանը՝ 8-րդ «Բ» դասարանի աշակերտների մասնակցությամբ։

Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ Ռուզաննա Խաչատրյանը՝ կարեւորելով մեր ազգային հերոսներին ու նվիրյալներին հիշելը, նրանց հավերժ ներկա դնելը։ Նա նաեւ նշեց, որ քիչ չեն այն հերոսները, ովքեր կերտեցին մեր նորագույն պատմության հիրավի պայծառ ու ոսկե էջերը։ Սակայն քչերը կարողացան արժանանալ համաժողովրդական այն անկեղծ ու մաքուր սիրուն, ինչին արժանացավ Մոնթե Մելքոնյանը։

  

Միջոցառման մեկնարկն ազդարարվեց Մոնթե Մելքոնյանի խոսքով եւ նրա կյանքն ու ռազմական ուղին պատմող տեսանյութով, Ավոյի մասին հուշերով, նկարներով, երաժշտական ու պարային կատարումներով:

Միջոցառմանը ներկա էին տնօրեն Դավիթ Կոստանդյանը, ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ՄԿԱ գծով փոխտնօրեն Արմիդա Գևորգյանը, ԴԱԿ Արաքսյա Առստամյանը, Հումանիտար առարկաների մեթոդմիավորման նախագահ Մերի Դանիելյանը, Բնագիտամաթեմատիկական առարկաների մեթոդմիավորման նախագահ Անուշ Դաջունցը, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ և հյուրեր: 

Մոնթե Մելքոնյանի  կյանքը, վարքն ու բարքը, կենցաղը դեռ կենդանության օրոք դարձան առակ, խրատ, առասպել… Հերոս, որի ամեն բառն ու միտքը՝ թե՛ կռվի պահին ասված, թե՛ հազվադեպ հանգստի, դարձավ թեւավոր խոսք ու ահա մոտ երկու տասնամյակ շուրթից շուրթ է անցնում՝ որպես ճշմարիտ, անկեղծ հայրենասիրության վկայություն ու պատգամ։ Եվ չկա համաժողովրդական սիրո ավելի մեծ ու ավելի վառ արտահայտություն։ Ժողովուրդն այսպես սիրում, այսպես մեծարում եւ այսպես առասպելականացնում է միայն իսկական, ամենաիսկական հերոսին…

Մոնթեն հաղթեց ու ընկավ… Մոնթեի տեսակը՝ այլ կերպ մեռնելու իրավունք՝ պարզապես չուներ…

  

    

  

    

  

    

  


 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (29.11.2022)
Դիտումներ: 577 | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar