Դեկտեմբերի 3-ին Գորիսում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի մշտական տեղակայման վայրում կազմակերպված «Военный патриот» միջոցառմամբ նշվեց Խորհրդային Միության հերոս, նշանավոր զորահրամանատար, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 125 ամյակը: Միջոցառմանը մասնակցում էին նաև Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները՝ ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանի, «ՆԶՊ» առարկայի ուսուցիչ Արտուր Հովսեփյանի և «Ռուսաց լեզու» առարկայի ուսուցչուհի Մարիամ Հայրապետյանի ուղեկցությամբ:
Միջոցառման ներկաները հնարավորություն ստացան դիտելու խաղաղապահ զորախմբի ցուցադրական վարժանքները, համազորային մարտի տարրերի ցուցադրությունը, շրջելու խաղաղապահ զորախմբի մշտական տեղակայման վայրում, ծանոթանալու ռուսական զինտեխնիկայի ու զինատեսակների հետ: Հանդիսությունների սրահում աշակերտների համար ցուցադրվեցին հայրենասիրական մուլտֆիլմեր: 102-րդ ռազմաբազայի հրամանատարի տեղակալ, գեներալ Գորինը հյուրերին անձամբ ներկայացրեց միջոցառման նպատակը, նշելով, որ անցկացվեց ռազմահայրենասիրական դաստիարակության օր, ինչը կարևոր է և՛ հայ, և՛ ռուս երեխաների համար, հավելելով, որ պետք է դաստիարակել հայրենիքի իրական պաշտպանների: Միջոցառման ավարտին ներկաները հնարավորություն ստացան օգտվելու հատուկ հյուրերի համար պատրաստված սննդից, տաք թեյ խմելու, իսկ աշակերտներին բաժանվեցին ռուս զինվորների համար նախատեսված չոր սննդի օրապահիկներ:
| |
| |
Դիտումներ: 439 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |