ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ նոյեմբերի 8-ից 14-ը «#ԴԻՄԱԿայումենք» խորագրով անցկացնում է Մեդիագրագիտության շաբաթը։ Ամբողջ շաբաթվա ընթացքում Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տարբեր դասարաններում անցկացվեցին մեդիագրագիտության վերաբերյալ դասեր, միջոցառումներ: Դասղեկական ժամերի ընթացքում, դասղեկներն ու դասվարները, յուրաքանչյուրն իրենց դասարանում անցկացրին մեդիագրագիտության դաս օգտվելով համապատասխան ձեռնարկներից: Մեդիագրագիտության շաբաթվա ընթացքում դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ով նաև հանդիսանում է «Գորիս մեդիա գրուպ» լրատվական-վերլուծական-ժամանցային ակումբի հիմնադիրը, տարբեր դասարաններում մեդիագրագիտության դասեր անցկացրեց, կարևորեց մեդագրագիտությունը, նշեց, որ այն պաշտպանիչ դիմակ է, որ օգնում է խուսափել լրատվական վարակներից, հասկանալ մեդիայի ազդեցությունը, պահպանել թվային հիգիենան, կատարել կշռադատված քայլեր՝ կողմնորոշվելով տեղեկատվական հոսքերում, տարբերելով կեղծն ու հավաստին, ավելի արդյունավետ կիրառելով մեդիա գործիքները։ Նա խոսեց նաև «մեդիագրագիտություն» տերմինի, մեդիագրագետ սպառողի և նրա իրավունքների, մեդիագրագիտության անհրաժեշտության, կարևորության, լրագրողական էթիկայի և այլ թեմաների մասին, ինչպես նաև պատասխանեց աշակերտների հարցերին: Նոյեմբերի 9-ին Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը հյուրընկալել էր Գորիսի մամուլի ակումբի ծրագրերի տնօրեն Անահիտ Բաղդասարյանին ու «Սյունիք» ինֆոտան համակարգող Աննա Սահակյանին, ովքեր ուսուցիչներին, 9-րդ «Ա» և 9-րդ «Բ» դասարանների աշակերտներին ներկայացրին, թե ինչպես կարելի է դիմակայել ապատեղեկատվությանը, լրավարակին, քարոզչությանն ու տեղեկատվական տարբեր մարտահրավերներին՝ պատվաստվելով մեդիագրագիտությամբ և կրելով այն որպես պաշտպանիչ դիմակ։ Տեղեկատվական հատվածից հետո աշակերտները «Լիտերատուսի արկածները» սեղանի խաղի միջոցով փորձեցին օգնել Լիտերատուսին և ստուգել փաստերը։ Արդյունքում հաղթեց 9-րդ «Ա» դասարանի թիմը։ Մամուլի ակումբի ներկայացուցիչները հաղթող թիմի համար խոստացան նվերներ ուղարկել, իսկ «Լիտերատուսի արկածները» սեղանի խաղը նվիրեցին դպրոցին։ Մեդիագրագիտության շաբաթը գլոբալ շարժում է, որն ամեն տարի աշնանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ անցկացվում է աշխարհի տարբեր երկրներում։ Հայաստանում Մեդիագրագիտության շաբաթն անցկացվում է արդեն 4-րդ անգամ․ այս տարի նախաձեռնությանը միացել է նաև ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանը։ Ի դեպ, մեդիագրագիտությունը 2021թ․ հաստատված նոր հանրակրթական չափորոշչով նաև դպրոցական և նախադպրոցական կրթության պարտադիր բաղադրիչ է։ Ավելի շատ լուսանկարներ՝ այստեղ: | |
| |
Դիտումներ: 628 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |