Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Ա» դասարանի աշակերտները, դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն, Մասնագիտական կողմնորոշման ակումբի ղեկավար Սերգեյ Ավանեսյանի և դասղեկ Արփինե Մարտիրոսյանի ուղեկցությամբ, Մասնագիտական կողմնորոշման ակումբի շրջանակներում այցելել են Գորիսի պետական քոլեջ` տեղում ծանոթանալու քոլեջում ներդրված մասնագիտություններին, իրականացվող կրթական գործընթացին, կատարվող աշխատանքներին։ Քոլեջի կարիերայի կենտրոնի պատասխանատու Լիլիթ Բեգլարյանն ու որակի ապահովման պատասխանատու Աննա Ալեքսանյանն աշակերտներին ներկայացրին քոլեջում ներդրված կրթական ծրագրերը, իսկ կրթօջախի «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտության շրջանավարտ Շողիկ Հայրապետյանը ներկայացրեց քոլեջի ընձեռած կրթական հնարավորություններն ու առավելությունները:
Դպրոցի աշակերտները շրջեցին քոլեջում, եղան տարեգրության սրահում, գրադարանում, լսարաններում, առարկայական կաբինետներում, լաբորատորիաններում ու ուսումնական արհեստանոցներում՝ ստանալով տեղեկատվություններ քոլեջի գործունեության, ընթացիկ և առաջիկա ծրագրերի մասին: Քիմիայի լաբորատորիայում դասախոս Ալիսա Սիմոնյանը փորձ ցուցադրեց: Դպրոցականները մասնակցեցին նաև այդ պահին քոլեջում անցկացվող «Պատմություն» առարկայի բաց դասին, որը կազմակերպել էր դասախոս Հեղինե Առաքելյանը, ինչը աշակերտներին հնարավորություն տվեց անմիջականորեն ծանոթանալու կրթօջախի ուսումնական միջավայրին: Ճանաչողական այցն ամփոփվեց հարցաթերթիկների լրացմամբ: Այցն իրականացվել է քոլեջի կարիերայի կենտրոնի պատասխանատու Լիլիթ Բեգլարյանի և Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանի համագործակցությամբ: Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում Գորիսի պետական քոլեջի տնօրինությանն ու աշխատակազմին՝ համագործակցության համար:
| |
| |
Դիտումներ: 485 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |