Անավարտ դաս. Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում բացվեց Նվարդ Ջհանգիրյանի անվան մաթեմատիկայի կաբինետ

Նոյեմբերի 15-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի, երջանկահիշատակ Նվարդ Ջհանգիրյանի անվան մաթեմատիկայի կաբինետի բացումը, որին հաջորդեց «Անավարտ դաս» խորագիրը կրող միջոցառում՝ նվիրված Նվարդ Ջհանգիրյանի հիշատակին, որը կազմակերպել էր դպրոցի Մաթեմատիկայի ուսուցչուհի Ալլա Զեյնալյանը:

Լույսերի ծով էր ընկեր Ջհանգիրյանը: Լինելով հոգսաշատ ընտանիքի մայր և կին, երկու հրաշալի զավակների մայր և 5 թոռների տատիկ՝ անտրտունջ լուսավորեց իր սաների ճանապարհը. նախ միջնակարգ կրթությունը ստացավ, ապա ամբողջ կյանքը նվիրաբերեց դպրոցին՝ բաշխելով բոլորին ավիղ ու կորով, մայրաբար փայփայեց  դպրոցն ու աշակերտներին՝ դառնալով մայրը մայր կրթօջախի:

Անհատի մեծությունը հասկանալու համար հարկավոր է պատկերացնել կյանքն առանց նրա: Նրա սիրտը բաբախում էր ոչ միայն իր հարազատների համար, այլև հարազատ կրթօջախի սաների, ընկերների, նրա հետևից, կողքով և առջևից քայլող յուրաքանչյուր մարդու համար: Ընկեր Ջհանգիրյանը ֆիզիկապես հեռացավ մեզնից՝ թողնելով մեզ բազում անավարտ դասեր և միևնույն ժամանակ հավերժացավ այստեղ՝ մեզ թողնելով արցունքին և ցավին միախառնված հպարտության և ուրախության զգացում, որովհետև երջանիկ էինք՝ աշակերտելով նրան:

  

Լավագույն ուսուցիչ լինելը նվիրում է, երջանկություն, բեռ, մեծ փառք ու մեծ տառապանք: Լինելով այդպիսին՝ Նվարդ Ջհանգիրյանն Աստծո մասնիկը եղավ մեր սրտերում՝ բարի, անկաշառ, ներողամիտ և խստապահանջ: Մասնագիտական բարձր վարպետության, գիտելիքների և հմտությունների առանձնահատուկ կարողության շնորհիվ Ջհանգիրյանն իսկական արվեստի վերածեց իր դասերը, իրար կապեց անցյալ, ներկա և ապագա ժամանակաշրջանները և սերունդներին՝ միանալով այն մեծ մտածողներին, որոնց մեջ խտանում է սոցիալական և մարդկային ամբողջ ուժը: Այսպիսով, նրբորեն հպվեց հավերժությանը, այն հավերժությանը, որի կերտողները արժանի են դափնեպսակի:

Միջոցառմանը ներկա էին Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանը, Գորիս համայնքի ավագանու անդամ Իրինա Յոլյանը, Նվարդ Ջհանգիրյանի ընտանիքի անդամները, հարազատները, գործընկերները, Գորիսի դպրոցների տնօրեններ, մանկավարժներ, ծնողներ:

  

Տնօրեն Դավիթ Կոստանդյանն իր խոսքում շնորհավորեց Նվարդ Ջհանգիրյանի ծնունդը՝ ցանկանալով, որ լույսերով ողողուն լինի երջանկահիշատակ ուսուցչուհու բարի հիշատակը: «Դուք գարնանը Ձեր ցանած հունձքի աշնան բերքաքաղին ներկա չեղաք…

Սիրելի ուսուցչուհի, առավել քան վստահ ենք, որ Ձեր անչար ժպիտով կհսկեք մեզ Ձեր երկնային կյանքից, զորավիգ կլինեք մեզ Ձեր աղոթքով …

Այո՛, երկրային գոյաչափի մեզ տրված ընթացքի մեջ ողջության պես պիտի կրենք Ձեր հեռացումը, Ձեր պատգամը պիտի կատարենք, որովհետև կյանքի մարտահրավերներին Դուք սովորեցրիք դիմակայել, երբեք չծնկել, քանզի Դուք կատարյալ էիք Ձեր ամբողջության մեջ և ուրեմն, Ձեր ցանած սերմերը պիտի լինեն լավ ապագայի սկիզբ՝ անավարտ թողնելու անկարելիությամբ:

Անդառնալի է Ձեր կորուստը, խոր վշտի մեջ թողեցիք ամենքիս, սիրելի ուսուցչուհի: Այսօր դպրոցի դասարաններից մեկն անվանակոչվեց ընկեր Ջհանգիրյանի անունով: Ուրախ ենք, որովհետև այնտեղ պիտի հարատևի ընկեր Ջհանգիրյանի կենդանի վկայությունը և այդ պատերի ներսում պիտի կյանքի կոչվեն նրա բազում հղացումները, որ մեզ համար էր ծրագրել»,-իր խոսքում նշեց Դավիթ Կոստանդյանը:

Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին, իր խոսքում արժևորելով ուսուցչի մեծարումն ու նրա անունով կաբինետի անվանակոչումը:

  

Շնորհակալական խոսքով հանդես եկան ընկեր Ջհանգիրյանի որդին՝ Ավետիք Ավետիսյանը և թոռնուհին՝ Անահիտ Ավետիսյանը:

Շնորհակալական խոսքով հանդես եկավ նաև Գորիսի թիվ 4 հիմնական դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Սամվել Կոստանդյանը, ով կաբինետի անվանակոչումը համարեց առաջին ծիծեռնակ և հույս հայտնեց, որ այն կլինի շարունակական ու բոլոր դպրոցներում կմեծարվեն մեր անվանի մանկավարժները:

Նվարդ Ջհանգիրյանը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 15-ին Գորիս քաղաքում: Միջնակարգ կրթությունը ստացել է Գորիսի թիվ 3 միջնակարգ դպրոցում: Դպրոցն ավարտել է 1974 թվականին և անմիջապես աշխատանքի անցել Գորիսի Տրիկոտաժի արտադրական միավորումում: 1977 թվականին ընդունվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան  պետական մանկավարժական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղը՝ մաթեմատիկայի ֆակուլտետը: Ավարտել է 1981 թվականին՝ ստանալով միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչի որակավորում և անմիջապես աշխատանքի ընդունվել Գորիսի թիվ 3 միջնակարգ դպրոցում՝ որպես մաթեմատիկայի ուսուցչուհի, որտեղ աշխատել է մինչև կյանքի վերջին օրը:

Ավելի շատ լուսանկարներ՝ այստեղ:

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (15.11.2021)
Դիտումներ: 1490 | Վարկանիշ: 4.2/5
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar