Դեկտեմբերի 16-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ֆրանսերենի դասասենյակի բացումը։ Միջոցառումը մեկնարկեց կարմիր ժապավենի կտրմամբ։ Ներկաները ծանոթացան ֆրանսերենի դասասենյակին, բարերարների կողմից դպրոցին նվիրաբերված 300-ից ավել անուն գրականությանը, որից հետո տեղափոխվեցին նիստերի դահլիճ, որտեղ «Ֆրանսերեն» առարկայի ուսուցչուհի Լուսինե Բաղդասարյանի կողմից կազմակերպվել էր «Հայ-ֆրանսիական բարեկամություն» խորագրով միջոցառում։
Միջոցառման ընթացքում աշակերտները խոսեցին հայ-ֆրանսիական բարեկամության մասին, նշեցին, որ այն ունի երկար տարիների պատմություն, որի հիմքը մարդասիրությունն է, որը բնութագրվում է որպես առանձնաշնորհյալ։ Ահա թե ինչու Գորիս-Վիեն քաղաքների բարեկամությունը չունի սահմաններ, ահա թե ինչու Գորիս-Վիեն քաղաքներրը համարվում են քույր քաղաքներ։ «Ֆրանսերենը սիրո լեզու է։ Հաճույք է սովորել գեղեցիկ, հարուստ և քաղցրահնչյուն մի լեզու, որի համար ամբողջ աշխարհն է համակարծիք՝ գեղեցկության առումով։ Այն համարվում է էլեգանտ և գեղագիտական լեզու»,-այսպես բնութագրվեց ֆրանսերենը։ «Ես ինձ իհարկե հայ եմ զգում, քանի որ հայկական ընտանիքում եմ մեծացել»։ Ասել է Շառլ Ազնավուրը, ում համար Հայաստանն ավելին էր, քան ուղղակի պատմական հայրենիք։ Աշակերտները երգեցին Շառլ Ազնավուրի երգերից, որոնք մեծ հաճույք պատճառեցին ներկաներին։ Միջոցառմանը ներկա էին Գորիսի համայնքապետարանի ներկայացուցիչներ, դպրոցների տնօրեններ, «Ֆրանսերեն» առարկայի ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր: «Գիշյան» հիմնադրամը յուրաքանչյուր տարի հայտարարում է տարբեր ոլորտների համար նախատեսված դրամաշնորհային մրցույթ: 2022 թվականին մրցույթում առաջնահերթությունը տրված էր կրթական այն ծրագրերին, որոնք կնպաստեն հայ-ֆրանսիական կապերի զարգացմանը։ Վերոնշյալ մրցույթին մասնակցության և հաղթելու արդյունքում Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում ստեղծվեց «Ֆրանսերեն» առարկայի դասասենյակ, որի համար նախատեսված ամբողջ գույքը՝ դյուրակիր համակրգիչներ, ականջակալներ, էլեկտրոնային գրատախտակ, պրոյեկտոր, մոտ 100 անուն գրականություն, կահույք, դպրոցին տրամադրվել է Գիշյան հիմնադրամի, Կայուն զարգացման հիմնադրամի և Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի միջև կնքված եռակողմ պայմանագրով: Մրցույթին մասնակցության հայտը ներկայացվել է «Ֆրանսերեն» առարկայի ուաուցչուհի Անի Հայրապետյանի ջանքերով: Ֆրանսերենի դասասենյակը համալրվել է նաև 375 անուն գրականությամբ, որը դպրոցին են նվիրաբերել ֆրանսահայ, գորիսեցի Շահանե Ավետյանը, ով աշխատում է Սևրի միջազգային դպրոցում և Ֆրանսիայի Կաշան քաղաքի ավագ դպրոցը:
| |
| |
Դիտումներ: 753 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |