Գինեձոն Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի գրադարանում։ Բանաստեղծները միշտ երազում են, երևակայում են, ապրում են իրենց հորինած աշխարհի օրենքներով, իրենց արտասովոր աշխարհի մեջ, երազում են ծայրահեղ և տառապում են ծայրահեղ։ Փետրվարի 23-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի գրադարանում տեղի ունեցավ «Մաթեմատիկա» առարկայի ուսուցչուհի Ալլա Առստամյանի «Սպասում» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը, որի ընթացքում դպրոցի մանկավարժներ Արփինե Մարտիրոսյանը, Լիլիթ Սարգսյանը, Շահանե Հովսեփյանը, Իրինա Ջավահիրյանը, Արաքսյա Առստամյանը, Արփինե Տոռոզյանը, Կարինե Շեգունցը, Հասմիկ Օհանյանը ներկայացրին Ալլա Առստամյանի ստեղծագործությունները:
Միջոցառման ավարտին «Հայոց լեզու» առարկայի ուսուցչուհի Սոնա Հարությունյանն իր խոսքն ուղղեց ներկաներին, մաղթեց, որ «Սպասումը» դառնա Ալլա Առստամյանի հետագա բեղուն ստեղծագործական ճանապարհի երախայրիքը։ «Այս արարափունջը՝ «Սպասում» խորագրով, լույս ու հույս է ճառագում, անմեկին զգացումներ սփռում։ Մնում է միայն դրվատանքի խոսքեր ասել, քանզի ոչ բոլորին է հաջողվում պոեզիայի, արվեստի և մաթեմատիկայի չքնաղ համաձույլ ստանալ և սիրո, կարոտի, սպասումի ելևէջների համանվագի ներքո իր սաներին ուղղորդել դեպի թվերի զարմանահրաշ աշխարհը»,- իր զեկույցում նշեց Սոնա Հարությունյանը։ Իր շնորհավորանքի խոսքով հանդես եկավ նաև Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղի նախագահ Լևոն Սահակյանը, ով Ալլա Առստամյանին հրավիրեց միանալու Սյունիքի գրողների միությանը: Միջոցառմանը ներկա էին ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, համայնքի արվեստասեր հասարակությունը, գրողրի հարազատներն ու ընկերները, բանաստեղծներ, մանկավարժներ, արվեստագետներ, աշակերտներ:
| |
| |
Դիտումներ: 894 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |