Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Ա» դասարանի աշակերտները, դասղեկ Շահանե Հովսեփյանի և «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Մերի Դանիելյանի ուղեկցությամբ այցելեցին վաղմիջնադարյան հայկական ճարտարապետության կոթողներից մեկը՝ Վերիշենի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի: Ուսուցչուհիներն աշակերտներին ներկայացրին եկեղեցու պատմությունը, նշեցին, որ Վերիշենի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին Հայաստանի միանավ ամենախոշոր եկեղեցին է: Նրա երկարությունը 27,3մ է: Սրահի երկարությունը ներսից 23,65 մ է, լայնությունը` որմնախորշերից 5,65մ, իսկ հենապատերից 3,45 մ: Եկեղեցին ամբողջությամբ պահպանված է և իր տեսքով հիշեցնում է Նոյան տապանը: Խիստ ձգված համաչափություններով դահլիճի երկայնական պատերին հնգական կամարակապ որմնախորշեր են: Արևելքում այն ավարտվում է ներսից և դրսից կիսաշրջանաձև խորանով: Եկեղեցին ունի երկու մուտք` հարավային և արևմտյան: Եկեղեցու հարավարևմտյան ճակատային պատի վրա պահպանվում է քիչ վնասված արևի ժամացույցը: Այցի նպատակն էր աշակերտներին ծանոթացնել հայկական պատմամշակութային արժեքներին, եկեղեցու յուրօրինակ ճարտարապետությանը և կառուցվածքին: Աշակերտները առանձնակի հետաքրքրասիրությամբ ուսումնասիրեցին եկեղեցու բակում պահպանված արժեքավոր խաչքարերն ու տապանաքարերը: | |
| |
Դիտումներ: 465 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |