Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 8-րդ «Ա» և 8-րդ «Բ»դասարանների աշակերտական թիմերը, որոնք օրեր առաջ դպրոցում կազմակերպված «Կենսաբանություն» առարկայի խաղ-վիկտորինայի արդյունքներով հավասար միավորներ էին հավաքել, ուսուցչուհու՝ Մարինե Բաբայանի նախաձեռնությամբ, ճանաչողական այց կատարեցին Գորիսի ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն: Դպրոցականների համար տեղեկատվության ընտրությունն իրականացրել էր Ֆրանսիայի Մարսել քաղաքի Սեն-ժոզեֆ հիվանդանոցի սրտաբան և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Ռոժե Ռոզարիոն։
Կենտրոնի ավագ բուժքույր Մարիամ Սահակյանը շատ պատկերավոր ներկայացրեց սրտանոթային խնդիրների տարածվածությունն աշխարհում, ռիսկի գործոնները, կանխարգելիչ միջոցառումները և առողջ ապրելակերպի կարևորությունը: Իսկ ամենավերջում ցուցադրվեց կորոնար զարկերակի դիլատացիայի և ստենտավորման տեսագրություն՝ ռիսկի գործոններն առավել պատկերավոր ընկալելու համար։ Աշակերտները շատ մեծ հետաքրքրությամբ և համակ ուշադրությամբ էին լսում նյութը: Նույնիսկ աշակերտներից ոմանք նշեցին, որ էլ ավելի համոզվեցին, որ ցանկանում են բժիշկ դառնալ և կյանքեր փրկել: Բժիշկ Ռոժե Ռոզարիոն հիացած և զարմացած էր աշակերտների գրագետ և կարևոր հարցերից: Աշակերտները հագեցած օր անցկացրին Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնի բժիշկների հետ:
| |
| |
Դիտումներ: 393 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |