Դեկտեմբերի 22-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի նիստերի դահլիճը գունեղ էր, հեքիաթային, երգ, պար, բեմադրություններ, տոնական տրամադրություն: «Ամանորին ընդառաջ» համադպրոցական տոնական միջոցառումով ամփոփվեց դպրոցի ամանորյա միջոցառումների շարքն ու 2023 թվականը: Նոր տարին այն բացառիկ տոնն է, երբ բոլոր մարդիկ՝ մեծ թե փոքր, հավատում են հրաշքների, ցանկություններ են հայտնում և սպասում այն կախարդանքին, որն իր մեջ կրում է Ամանորի գիշերը, և «Ամանորին ընդառաջ» համադպրոցական տոնական միջոցառումը հենց այդպիսին էր:
Տոնական միջոցառումները եզրափակվեցին դիմակահանդեսով։ Անկաշկանդ, զվարճալի, պարային. ահա այսպես կարելի է բնութագրել զանազան կերպարներով լի դիմակահանդեսային մթնոլորտը, որն ուրախ տարեմուտ էր ազդարարում բոլորին և խոստանում էլ ավելի հետաքրքիր ակնթարթներով լի նոր տարի։ Տնօրեն Դավիթ Կոստանդյանը ներկաներին շնորհավորեց գալիք տոների կապակցությամբ: «Հարկ եմ համարում փաստել, որ համատեղ ջանքերի, նվիրված և համակարգված աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք հաղթահարել դժվարությունները, լիովին կատարել մեր առջև դրված խնդիրներն ու այդ ամենի արդյունքում արձանագրել դրական ցուցանիշներ: Լավատեսությամբ և ապագայի հանդեպ վստահությամբ ցանկանում եմ, որպեսզի 2024 թվականը բոլորիս համար նշանավորվի աշխատանքային նոր ձեռքբերումներով և նորանոր հաջողություններով: Կրկին շնորհավորելով գալիք տոների կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ եւ ձեր հարազատներին քաջառողջություն, խաղաղություն, բարեկեցություն ու ամենայն բարիք»,-իր խոսքում նշեց Կոստանդյանը: Տարեմուտի միջոցառումը կազմակերպել էր դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Արաքսյա Առստամյանը: Ավելի շատ լուսանկարներ՝ այստեղ:
| |
| |
Դիտումներ: 459 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |