Փետրվարի 20-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տոնեցին մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան 155-ամյակը: «Մեր հանճարեղ լոռեցին» խորագրով միջոցառմանը, որը կազմակերպվել էր դպրոցի գրադարանավար Արշալույս Երիցյանի կողմից, ընդգրկված էին դպրոցի տարբեր դասարանների աշակերտներ: Միջոցառումը սկսվեց Հովհաննես Թումանյանի կյանքին և գործունեությանը նվիրված սահիկաշարով: Աշակերտներն անդրադարձան գրողի կյանքին, նրա հայրենանվեր վարքագծին, բնավորության առաքինություններին, հումանիզմին ու ժողովրդասիրությանը, սիրելի 10 իրերին: Աշակերտներն իրենց խոսքում շեշտեցին, որ բանաստեղծն ամբողջ կյանքում, իր ստեղծագործությունների մեջ հոգեպես ապրել է «հաշտ ու խաղաղ մարդկության, մեծատառով Մարդու երազանքով»: Թումանյանի բարությունը, ազնվությունը, մարդասիրությունը, քնարական խառնվածքը, հավատը մարդու և մարդկայինի հանդեպ ձևավորում է ժամանակակից անհատի արժեհամակարգը:
Աշակերտները՝ միջոցառման ընթացքում, Թումանյանի ստեղծագործությունները ներկայացրին պարի, երգի, արտասանության տեսքով, բեմադրեցին «Կիկոսի մահը» ներկայացումը: Հանդիսատեսին անչափ դուր եկավ և հուզեց միջոցառման ողջ ընթացքը: Միջոցառումն ամփոփեց հետևյալ խոսքերով. «Ես միշտ ձեզ հետ եմ, ձեր մեջ եմ… Աշխատեցեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը ամենալավ ու բարի զգացմունքներով և աշխարհին ու մադրուն նայեցեք բարի սրտով ու պայծառ հայացքով»: Դպրոցի տնօրեն Դավիթ Կոստանդյանը, առաջնորդվելով օրվա խորհուրդով, միջոցառման մասնակիցներին և ներկաներին շնորհավորեց Գրքի տոնի կապակցությամբ և գրադարանին նվիրեց Հովհաննես Թումանյանի հանրագիտարանը:
| |
| |
Դիտումներ: 449 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |