Փետրվարի 25-ին Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Սասունի արծիվ» անունը կրող ազգային երգի մրցույթ-փառատոնը, որին առաջին անգամ մասնակցեց նաև Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը: Դպրոցը մրցույթ-փառատոնում ներկայացրին 6-րդ «Գ» դասարանի աշակերտներ Համլետ Մկրտչյանը, Նարե Հայրապետյանը, 8-րդ «Բ» դասարանի աշակերտ Գարրի Մալունցը, 9-րդ «Ա» դասարանի աշակերտուհիներ Ստելլա Քոչարյանն ու Նարե Ավագյանը: «Սասունի արծիվ» ազգային երգի մրցույթ-փառատոնն իրականացվում է 4-րդ տարին անընդմեջ և նշվում է փետրվարի 25-ին, քանի որ այդ օրն է ծնվել պատմություն կերտող Զորավարը` Անդրանիկ Օզանյանը: Օրհներգից հետո տրվեց փառատոնի մեկնարկը. Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի «Ծիլք» համույթը հրաշալի ելույթ ունեցավ: Գեղեցիկ երգ-պարից, հնչեղ ու խրոխտ Յարխուշտայից հետո սկսվեց մրցութային փուլը, որին մասնակիցում էին Կոտայքի, Սյունիքի, Տավուշի, Արագածոտնի և Լոռվա մարզերի 16 դպրոցների աշակերտներ:
Գնահատող հանձնախումբում էին Արսեն Գրիգորյանը (Մրո), Ռուբեն Սասունցին, Գուսան Հայկազունը, Մավր Մկրտչյանը, Ռոբերտ Սարգսյանը, Վիգեն Հովսեփյանն ու Գրիգոր Համբարյանը: Մրցութային օրվա ավարտին գնահատող հանձնախումբը մրցանակը շնորհեց Չարենցավանի թիվ 5 հիմնական դպրոցի աշակերտ Մաթևոս Գաբրիելյանին, իսկ մյուս մասնակիցները ստացան մասնակցության դիպլոմներ: Մրցույթից դուրս ելույթ ունեցան հատուկ հրավիրյալ արցախցի Արեն Հովսեփյանը, ով սովորում է Կոնսերվատորիայի 1-ին կուրսում, և Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի շրջանավարտ, քանոնահարուհի Մերի Բաբայանը: Մրցույթ-փառատոնին ներկա էին նաև Անահիտ Բախշյանը և Կոտայքի մարզի ԿՄՍ-ի վարչության գլխավոր մասնագետ Մարի Հովակիմյանը: Նույն օրը համագործակցության հուշագիր ստորագրվեց նաև Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի և Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի միջև:
| |
| |
Դիտումներ: 350 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |