Մարտի 7-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4-րդ «Դ» դասարանը ներկայացրեց միջոցառում՝ «Ազգիս նվիրյալները» խորագրով։ Աշակերտները միջոցառման սկզբում կարևորեցին ընթերցանության դերը, նշելով, որ առանց իսկական կրթության չի կարող լինել ո՛չ խոսք, ո՛չ ճաշակ, ո՛չ բազմակողմանի լայն ըմբռնում։ Նրանց կողմից ներկայացվեց, թե ինչպես է հայ ազգն աշխարհին ճանաչելի դարձել, ինչ նշանավոր մարդկանց է պարգևել աշխարհին հայ ազգը։ Աշակերտները նշեցին, որ հերոսները ծնվում են, որ ապացուցեն՝ հրաշք չկա, կա միայն կարիք։ Նրանց շնորհիվ է, որ չենք կորել պատմության էջերում, նրանց շնորհիվ է, որ այսօր էլ շարունակում ենք արմատներ գցել, տարածվել աշխարհով մեկ, հիացնել բոլորին՝ մեզ ընձեռնված բազմապիսի շնորհներով ու տաղանդով, մշակույթով ու խելքով։
Երեխաները տվեցին շատերին հուզող հարցերի պատասխանը՝ շեշտելով, որ իրենց մեջ են բազմաթիվ նվիրյալները սկսած զինվորներից, ովքեր իրենց անձնուրաց պարտքն են մատուցում հայրենիքին, վերջացրած ուսուցիչներով, որոնք կրթում ու դաստիարակում են սերունդներ՝ ազգին տալով խելացի, հոգատար և նվիրյալ անհատներ։ Աշակերտները ասմունքով, երգ ու պարով, դերասանական տաղանդով հիացմունք պատճառեցին հանդիսատեսին։ 4-րդ «Դ» դասարանի դասավար Իրինա Ջավահիրյանն իր խոսքում նշեց, որ շնորհալի մարդը Աստծո կողմից է շնորհվում տվյալ ազգին։ Բայց հավաստեց, որ առանց բացառիկ աշխատասիրության չեն կարող լինել ոչ տաղանդներ, առավել ևս՝ հանճարներ։ Հանճարները ասուպի նման վառվում են և լուսավորում մեզ բոլոր ժամանակներում։ Նա իր սաներին մաղթեց լինել երախտագետ և երախտագիտությամբ լցվել, արժևորել մեծերի ահռելի ներդրումը՝ համաշխարհային պատմության և մշակույթի մեջ։ Տնօրեն Դավիթ Կոստանդյանը շնորհակալություն հայտնեց Իրինա Ջավահիրյանին՝ գեղեցիկ միջոցառման, և ևս մեկ անգամ մեր ազգի նվիրյալներին վերհիշելու համար։ Իր խոսքում հավելեց, որ մեզ այլընտրանք չի մնացել, պետք է սիրենք մեր լեզուն, պետք է լինենք հայրենասեր, օրինակ պետք է վերցնենք մեր նվիրյալներից, գնանք նրանց ճանապարհով և ինչու ոչ՝ դառնալով նրանց նման հայտնիներ։ Իր հիացական կարծիքն արտահայտեց նաև Տարրական դասարանների մեթոդմիավորման նախագահ Ռիտա Շալունցը։
| |
| |
Դիտումներ: 360 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |