Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի կին աշխատողները ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Ապրիլի 5-ն օրացույցի մեջ դարձավ այնպիսի մի օր, որը գեղեցիկ գարնանային օր լինելուց բացի անակնկալներով լի էր, ժպիտ և սեր, ծիծաղ ու հուզմունք պարգևող էր Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի կին աշխատողների և նրանց ընտանիքի անդամների համար, իսկ գաղտնիքն այն էր, որ պարզապես նրանք ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ…

Մայրատոն էր Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում։ Դահլիճում ներկա աշխատողներին թվում էր՝ խորհրդակցություն է, հերթական ուսումնական հարցը պետք է քննարկեին և լուծում տային։ Նախ նրանց սևեռուն հայացքներն ուղղվեցին խորագրին՝ «Չէին սպասում», ապա ամեն բան պարզ դարձավ, երբ բացվեցին վարագույներն ու նրանք տեսան իրենց ընտանիքի անդամներին, որոնք եկել էին շնորհավորելու իրենց հարազատների Մայրության և գեղեցկության տոնը՝ ապրիլի 7-ը:

      

Դպրոցի գրադարանավար Արշալույս Երիցյանի և հոգեբան Հեղինե Արզումանյանի կողմից կազմակերպված միջոցառման նպատակը ոչ թե կնոջը խոսքերով մեծարելն էր և կնոջ ուժի, կարևորության, արժանիքների մասին խոսելը, դրանք այլ կանանց օրինակով ներկայացնելը, այլ՝ հենց տեղում իրենց իսկ օրինակով իրենց կարևորությունն ու արժանիքները ներկայացնելը երեխաների, ամուսինների, թոռնիկների, ծնողների, շրջանավարտների, մտերիմների կողմից։

Հույզերի տարափ էր… Միախառնվել էին արցունքն ու ժպիտը։ Օդում թևածում էին տարատեսակ շնորհակալական խոսքեր։ 

Սրտատրոփ սպասում էր… 

Ներկաները վայրկենապես լցվեցին անչափելի հույզերով, ազնիվ խոստովանություններով, անբացատրելի զգացողություններով, գարնանային արևոտ լավատեսությամբ, բարությամբ ու սիրով, հեզությամբ ու քնքշանքով։ Մեր «գաղտնի հյուրերը» կարողացան արժանվույնս գովաբանել իրենց մայրերին, քույրերին, տատիկներին։ Նրանցից ամեն մեկը յուրովի մի աշխարհ էր։ 

      

Յուրաքանչյուր հյուր՝ մայր, հայր, քույր, որդի, դուստր, ամուսին, կին, իր սրտի խոսքը, արտասանությունը, պարը, երգը, հուզական կառավարման չենթարկվող հույզերն ուղղել է կանանց՝ մեծ ուրախություն և անսպասելի շփոթմունք առաջացնելով նրանց մեջ։ 

Միջոցառման մասնակիցներին նաև տեսազանգով են շնորհավորել ու սերն ուղղել իրենց սրտի մայրերին, տատիկներին:

Որպես հատուկ հյուր միջոցառմանը տեսազանգով միացել էր նաև դպրոցի վաստակաշատ մանկավարժ Մարինե Յոլյանը, շնորհավորել ներկա կանանց տոնը:

Հուզառատ օրը դարձավ ներկաների կյանքի լավագույն էջերից, որը, համոզված ենք, նրանք երբեք չեն գոցի, այլ միշտ կպահեն՝ ի նշան այն բանի, որ այն հիմնաքարն է գեղեցիկի կերտման։ 

Բոլորովին նոր ձևաչափով այս միջոցառման շնորհիվ ներկաներն իրենց հիշողության մեջ ամբարեցին բարին, գեղեցիկը, վեհը, բնականն ու իրականը։

Անակնկալով մեկնարկեց ու անակնկալով ավարտվեց բախշյանական կանանց և աղջիկների մեկամսյակը:

Միջոցառման բոլոր լուսանկարները՝ այստեղ:

      

      

      

      

      

      

      

      

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (06.04.2024)
Դիտումներ: 764 | Վարկանիշ: 3.1/7
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar