Մայիսի 15-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները աշակերտների շրջանում ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների իրազեկվածության բարձրացման նպատակով զրույց-հանդիպումներ անցկացրին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ դասարանների աշակերտների հետ: Դպրոց էին այցելել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման խմբի տեսուչը, Գորիսի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչները, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի պարեկներն ու ՀՀ ՆԳՆ ՓԾ Սյունիքի ՄՓՎ Գորիսի ՀՓՋ փրկարար ծառայության ներկայացուցիչները:
Զրույց-հանդիպման ընթացքում ՀՀ ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները նշեցին, որ ավտոմեքենաների քանակի ավելացմանը և ճանապարհների երթևեկության լարվածության բարձրացմանը զուգահեռ բարձրանում է նաև ճանապարհային երթևեկության մասնակիցների (վարորդներ, հետիոտներ, ուղևորներ և այլն) կողմից ճանապարհային երթևեկության կանոններին խստագույնս հետևելու պահանջը: ՀՀ ՆԳՆ ներկայացուցիչներն աշակերտների հետ խոսեցին նաև ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման կարևորության, հետիոտների կողմից պատշաճ վարքի դրսևորման, անչափահասների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման, դրանց խախտման դեպքում համապատասխան տույժերի և տուգանքների մասին: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև երկրաշարժից պաշտպանվելու վարքականոններին: Հանդիպման ավարտին աշակերտները հնարավորություն ունեցան ծանոթանալու պարեկային ծառայության մեքենայի կահավորման հետ: Պարեկներն աշակերտներին ծանոթացրին մեքենայում առկա սարքերի և միջոցների հետ: Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում ՀՀ ներքին գործերի նախարարությանը՝ համագործակցության համար:
| |
| |
Դիտումներ: 387 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |