«Դու հավերժող իմ Հայաստան»․ ՀՀ Անկախության տոնին նվիրված միջոցառում՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

Սեպտեմբերի 23-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ երեք հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Դու հավերժող իմ Հայաստան» խորագիրը կրող միջոցառում՝ Անկախության 33-րդ տարեդարձի կապակցությամբ։ Միջոցառման մեկնարկը տրվեց Հայաստանի Հանրապետության օրհներգով, որին հաջորդեցին աշակերտների գեղեցիկ ելույթները, հայրենասիրական երգերը և հայկական հեզաճկուն պարը։

Աշակերտներն իրենց ելույթներում նշեցին․

-«Այսօր, երբ մեր հայրենիքի գոյամարտը դեռ չի ավարտվել, գոյապայքար-հերոսապատում, որ կերտում են մեր հայորդիները, մենք, առավել քան երբևէ արժևորելով նրանց կենաց մահու կռիվը՝ հանուն մեզ, հանուն հայ ժողովրդի ու մեր հայրենիքի հարատևության, այս միջոցառմամբ, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 33-ամյակին, հայոց պետականության վերականգնմանը, խառն ապրումներով` հպարտության ու մտահոգության, ձեռքբերման ու կորստի, հույսի ու տագնապի զգացումներով կտոնենք այն և մեր երախտիքի խոսքը կհղենք հայրենյաց պաշտպան մեր զինվորներին և կխոնարհվենք մեր մարտիրոսված հերոսների առջև»:

-«Այսօր արդեն 33 տարի է, ինչ մենք հաստատուն քայլերով քայլում ենք անկախության ճանապարհով։ Դժվար է այն, լի խոչընդոտներով, բայց և միաժամանակ երփներանգ ծաղիկների բույրով ու գույնով։ Պահենք այն սրբորեն և հպարտանանք նրա յուրաքանչյուր հաջողությամբ, իսկ անկախության շինության հիմնաքարում դնենք նաև մեր փոքրիկ քարը։ Հպարտ են այսօր մեր նորօրյա զինանշանով, փողփողուն եռագույնով և ազատության գովքը երգող օրհներգով»:

-«Մենք հայ ենք, հայեցի, ծնվել և ապրում ենք աստվածային այն հողի վրա, որ կոչվում է Հայոց հող: Զավակն ենք դարերի և ավերում տեսած, բայց երբեք ծնկի չեկած մի մեծ ժողովրդի»...

-«Անկախություն, սա այն էր, ինչի մասին դարերով երազում էր հայ ազգը, սա այն էր, ինչի մասին փափագում էին մեր պապերը։ Շնորհավո՛ր անկախությունդ, ի՛մ հայ ժողովուրդ, շնորհավոր անկախությունդ, ի՛մ Մայր Հայաստան»։

Միջոցառման կազմակերպիչ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Արաքսյա Առստամյանն իր ելութում նշեց, որ արդեն երեսուներեք տարի է, ինչ հայ ժողովուրդը տոնում է իր համար ամենանվիրական Անկախության օրը, որը ձեռք է բերվել պայքարի, մաքառումների և բազում հայրենակիցների կյանքի գնով և սա առիթ է հպարտանալու, քանզի անկախության ձեռքբերմամբ հայ ժողովուրդը վերահաստատեց ազատ ապրելու և խաղաղ արարելու իր դարավոր ձգտումը։

    

    

    

    

    

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (23.09.2024)
Դիտումներ: 306 | Վարկանիշ: 1.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar