Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում իրականացվեց վիկտորինա՝ նվիրված Աթաբեկ Խնկոյանի և Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններին

Հոկտեմբերի 18-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4-րդ «Ա» դասարանում դասվար Գայանե Ավագյանի նախաձեռնությամբ իրականացվել է վիկտորինա՝ նվիրված հայ մանկագիր, առակագիր, հեքիաթագիր Աթաբեկ Խնկոյանի և «Ամենայն հայոց մեծ բանաստեղծ» Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններին։

Վիկտորինայի ժյուրիի կազմում էին տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Արաքսյա Առստամյանը, ՄԿԱ գծով համակարգող Արմիդա Գևորգյանը, գրադարանավար Կարինե Շեգունցը, ուսուցչուհի Սոնա Հարությունյանը։

Ձևավորվել էր երեք խումբ՝ «Հնարամիտներ», «Սրամիտներ» և «Գրքամոլներ»։

Երեխաները, չնայած լարվածությանը, պատվով հաղթահարեցին փորձությունը, հստակորեն պատասխանեցին առաջադրված հարցերին և բոլորը գերազանց մասնակցության համար արժանացան պատվոգրերի։

Վիկտորինայի հարցերն ընդմիջվեցին գեղեցիկ պարային կատարումներով։

Այս և սպասվելիք մյուս մրցույթ-վիկտորինաները՝ իրենց մեջ ներառված հետաքրքիր, տրամաբանական, ուսուցողական հարցերի միջոցով, երեխաների մեջ զարգացնում են միաժամանակ մի քանի կարողություն. սերն ընթերցանության հանդեպ, խմբային համագործակցությունը, արագ կողմնորոշվելու հմտությունը, մրցույթի ավարտին և՛ հաղթանակը, և՛ պարտությունը պատվով ընդունելու կարողության զարգացումը։

Արդյունքում երեխաները կարողացան սերտորեն միահյուսել երկու հեղինակների գրվածքները, գտնել իմաստային ընդհանրություններ, վեր հանել հիմնական գաղափարներն ու բարոյախրատական, դաստիարակչական և ուսուցողական դասերը։

Օրն ամփոփվեց Հովհաննես Թումանյանի վերջին՝ «Ղոչաղ կացեք» բարի ու դրական խոսքերով։

    

  

    

  
 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (21.10.2024)
Դիտումներ: 259 | Վարկանիշ: 3.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar