Նոյեմբերի 11-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում անցկացվեց ուսումնական տագնապ։ Շչակի ազդարարումից անմիջապես հետո դպրոցի աշխատակազմն ու աշակերտները տարհանվեցին 2 րոպե 48 վայրկյանում։ Անձնակազմի և աշակերտների հետ պարբերաբար իրականացվում են հանդիպումներ և ուսումնական տարհանում, ինչն օգնում է, որ յուրաքանչյուր դասարան և աշխատակից տեղյակ լինի տագնապի դեպքում իր գործողությունների հերթականությունից։ Ու թեպետ միջանցքներում կատարյալ իրարանցում ու խուճապ էր, այնուհանդերձ, ինչպես ավելի ուշ փաստեց Գորիսի տարածաշրջանի ավագ զինղեկ, լեյտենանտ Արմեն Բուդաղյանը, դպրոցի սաներն ապացուցեցին, որ կարողանում են տեսականը հաջողությամբ կիրառել գործնականում։ Դպրոցի զինղեկ, քաղպաշտպանության շտաբի պետ Արտուր Հովսեփյանը քաղպաշտպանության պետին՝ տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանին զեկուցեց իրականացրած գործողությունների մասին։ Քննարկվեց իրադարձությունների ընթացքը, կատարվեց ամփոփում և հայտարարվեց վարժանքի ավարտը: Արմեն Բուդաղյանը Սերգեյ Ավանեսյանի, Արտուր Հովսեփյանի և աշակերտներից կազմված տարհանման, առաջին օգնության, փրկարարական, ազդարարման, սոցիալ-հոգեբանական, հրդեհային անվտանգության խմբերի ղեկավարների հետ առանձնազրույց ունեցավ, ևս մեկ անգամ շեշտեց, որ տագնապն ու տարհանումն իրականացվել են սահմանված պահանջներին համապատասխան ու սահմանված ժամանակամիջոցում։ Ուսումնական տագնապի նպատակն էր փորձարկել աշակերտների զգոնությունը, «ՆԶՊ» առարկայի և «Առողջ ապրելակերպ» խմբակի դասերին ձեռք բերած գիտելիքները ստուգել գործնականում, համոզվել՝ արդյո՞ք դպրոցի սաները ուսումնական տագնապների ժամանակ պահպանում են հավասարակշռությունն ու նման իրավիճակներում կողմնորոշվելու ունակությունը։ Հավելենք, որ աշակերտները «ՆԶՊ» առարկայից և «Առողջ ապրելակերպ» խմբակից ուսումնասիրում են տարհանման մասին թեմաներ և ստացած գիտելիքները կարողացան կիրառել գործնականում։
| |
| |
Դիտումներ: 295 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |