Նոյեմբերի 19-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում առանձնահատուկ ձևով տոնվեց Տղամարդկանց միջազգային օրը։ Դպրոցի ողջ աշխատակազմը հավաքվել էր հայտարարված խորհրդակցությանը մասնակցելու նպատակով, բայց փոխարենն ունկնդիրը եղան փոքրիկ ցերեկույթի։ Տնօրենի տեղակալ Արաքսյա Առստամյանի և ՄԿԱ գծով համակարգող Արմիդա Գևորգյանի կողմից կազմակերպվել էր Տղամարդկանց միջազգային օրվա կապակցությամբ միջոցառում՝ նպատակ ունենալով գնահատելու տղամարդկանց արժեքները, անգնահատելի ներդրումը մեր հասարակության զարգացման մեջ, ընդգծելու տղամարդկանց կարևոր դերը՝ որպես հայրեր, ամուսիններ, եղբայրներ, ընկերներ։ Միջոցառմանը մասնակցում էին Աշակերտական խորհրդի բոլոր անդամները։ Վերջիններս ներկայացրին տոնի ստեղծման պատմությունը. Տղամարդկանց միջազգային օրը առաջին անգամ տոնել են 1999 թվականին՝ Կարիբյան ծովի հարավում երկու խոշոր կղզիներից կազմված Տրինիդադի և Տոբագոյի Հանրապետության բնակիչները։ Այնուհետև Ավստրալիայում, Կարիբյան ավազանի երկրներում, Հյուսիսային Ամերիկայում, Ասիայում և Եվրոպայում՝ որպես տոն ճանաչվելով նաև ՄԱԿ-ի կողմից: Միջոցառման մասնակիցները երախտագիտության խոսքեր հնչեցրին զինվորների, հայրերի, եղբայրների, դպրոցի տղամարդ աշխատողների և ուսուցիչների մասին։ Նրանք իրենց ելույթում նշեցին, որ հնարավորություն ունեցան ավելի լավ հասկանալու, թե մեր հասարակության մեջ ինչպիսի փոփոխություններ են անհրաժեշտ՝ տղամարդկանց դերի ընկալման վերաբերյալ և կարողացան երախտիքի խոսքեր ուղղել իրենց հայրերին, եղբայրներին և ուսուցիչներին։ Աշակերտական խորհրդի անդամներն առանձնահատուկ երախտագիտությամբ և խոնարհումով ամբողջ դպրոցի սովորողների և ուսուցչական կոլեկտիվի կողմից շնորհավորեցին դպրոցի տղամարդ աշխատողներին՝ Տղամարդկանց միջազգային օրվա կապակցությամբ՝ շեշտելով, որ միջոցառումը նպատակ ունի կարևորելու տղամարդկանց դերը կրթության և երիտասարդության զարգացման գործում։ Նրանց պատվին հնչեցին շնորհավորանքի, մեծարման և երախտիքի սրտաբուխ խոսքեր՝ համեմված գեղեցիկ երաժշտական համարներով։
| |
| |
Դիտումներ: 289 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |