«Ուշ աշնան հեքիաթը» խորագրով միջոցառում՝ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

Նոյեմբերի 22-ին, Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Ուշ աշնան հեքիաթը» խորագրով միջոցառում, որը նվիրված էր աշնան եզրափակիչ օրերի գեղեցկությանը։ Միջոցառմանը մասնակցեցին տարրական դպրոցի 1-4-րդ դասարանների աշակերտները, ովքեր իրենց ելույթներով և ստեղծագործություններով ներկայացրին աշնան կախարդական գույները, ավանդույթներն ու հեքիաթային տրամադրությունը։

Աշակերտները ներկայացրեցին թատերական բեմադրություններ, ասմունքեցին աշնանը նվիրված բանաստեղծություններ և կատարեցին երգեր։ Տոնական մթնոլորտը լրացնում էին աշնանային թեմայով ձևավորված տաղավարները, որտեղ ներկայացված էին Գորիսի անուշաբույր բերքն ու բարիքը, երեխաների պատրաստած աշխատանքները՝ նկարներ, ձեռքի աշխատանքներ։

Միջոցառումը նպաստեց աշակերտների ստեղծագործական ունակությունների զարգացմանը և միասնականության խթանմանը՝ դարձնելով աշնանային հիշարժան տոն։

Աշխատանքները համակարգել է Տարրական դասարանների մեթոդմիավորման նախագահ Ռիտա Շալունցը։ Երգերի ուսուցման հարցով օգնել է «Երաժշտություն» առարկայի ուսուցչուհի Թամարա Հովհաննիսյանը։ Կազմակերպչական հարցերում օգնել են «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցչուհի Աննա Աբգարյանը, «Կերպարվեստ» առարկայի ուսուցչուհի Սոնա Միրզոյանն ու 12 դասարանների դասվարները։

Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը, վարչատնտեսական մասի համակարգող Դավիթ Կոստանդյանը, տնօրենի տեղակալ Արաքսյա Առստամյանը, ՄԿԱ գծով համակարգող Արմիդա Գևորգյանը, ԴԱԿ Արմինե Հարությունյանը, ուսուցիչներ, ծնողներ։

Դավիթ Կոստանդյանն ու Ռիտա Շալունցն իրենց խոսքում շնորհավորեցին ու շնորհակալություն հայտնեցին դասվարներին ու աշակերտներին՝ կազմակերպված միջոցառման ու աշունը գեղեցիկ և գունեգեղ կերպով ճանապարհելու համար։

Ավելի շատ լուսանկարներ կարող եք տեսնել այստեղ։

    

    

    

    

    

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (22.11.2024)
Դիտումներ: 330 | Վարկանիշ: 3.8/4
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar