Նոյեմբերի 27-ին «Բարի երթ» ավտոմոտոսիրողների հասարակական կազմակերպությունը Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում «Անվտանգ երթևեկության ապահովում Գորիսում» ծրագրի շրջանակում իրականացրեց անվտանգ երթևեկության վերաբերյալ դասընթաց, որի նպատակն էր ծանոթացնել դասընթացի մասնակիցներին ճանապարհային երթևեկության հասկացություններին և տերմիններին: Ի՞նչ է տրանպորտային միջոցը, խաչմերուկը, ճանապարհը, ո՞վ է հետիոտն ու ուղևորը, վարորդը. այս մասին նրանք իմացան դասընթացի առաջին մասում։ Երկրորդ մասում ծանոթացան ճանապարհային նշաններին: Տեղեկացան, որ ճանապարհային նշանը՝ ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոց է, որն ունի վահանակի տեսք ու որոշակի ձև, որի վրա կատարված են այնպիսի նշումներ ու մակագրություններ, որոնք ճանապարհային երթևեկության մասնակիցներին տեղեկացնում են ճանապարհային պայմանների և երթևեկության ռեժիմների, բնակավայրերի ու այլ օբյեկտների վայրի մասին: Աշակերտներն իմացան, որ ճանապարհային նշանները բաժանվում են 8 խմբի, կիրառման ոլորտը ըմբռնելու, իրարից տարբերելու նպատակով նշանների յուրաքանչյուր խումբ ունի իրեն բնորոշ ձևը և գույնը, տեղեկացան դրանց նշանակության մասին։ Դասի վերջում, ինֆորմացիա տրվեց, թե ինչպես պետք է ուղևորը, հետիոտնը, վարորդը, որպես երթևեկության մասնակիցներ դրսևորեն իրենց, որպեսզի խուսափեն վթարներից: Երեխաները դասընթացի սկզբում և վերջում լրացրին ստուգման թերթիկներ: Նրանց բաժանվեց «Բարի երթ» ավտոմոտոսիրողների ՀԿ-ի կողմից «Անվտանգ երթևեկության ապահովում Գորիսում» ծրագրի շրջանակում տպագրված ստիկերներ: Դասընթացները կշարունակվեն, իսկ մայիսին կկազմվի 5 հոգուց բաղկացած թիմ, ծրագրի շահառու մյուս դպրոցների թիմերի հետ մրցելու նպատակով։ Հավելենք, որ ծրագիրն իրականացվում է «Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ՝ Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:
| |
| |
Դիտումներ: 153 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |